211652_close_icon
views-count46110 դիտում article-date 17:09 11-04-2023

Արտակարգ դեպք Երևանում․ «որովայնի կտրած-ծակած» ու մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 երիտասարդ տղա․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ժամանել է Երևանի ոստիկանապետը

Ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վնասվածք, թափանցող որովայնի խոռոչ, լյարդի ձախ բլթի բարակ աղու միջընդերքի վնասվածք, պռոֆուզ ներքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Պ․-ն է։

Արդեն տեղում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ «ձախ ազդրի վերին երրորդականի հաստ եզրերով կտրած-ծակած վերք» աշխտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել ևս 3 հոգի։ 

Ոստիկանները տեղում պարզում են, որ նրանք են՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Դավիթ Պ․-ն, 36-ամյա Վահե Պ․-ն և 20-ամյա Ալեքսանդր Պ․-ն։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ վերջիններիս դանակահարել է Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Բ․-ն Ռուբինյանց փողոցի 4-րդ շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Արթուր Բ․-ին և տեղափոխել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր