211652_close_icon
views-count27918 դիտում article-date 18:23 06-10-2024

Արտակարգ իրավիճակ՝ Արևաշատ գյուղում. գյուղացիներն ասում են. «Ո՞ր մի «գիտունիկի» ուղեղով է անցել գյուղը կտրել արտաքին աշխարհից. եթե խնդիրը չլուծեցիք, վարչապետի նման մայրուղին փակելու ենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի վարչական ղեկավարի նստավայրի առջև էին հավաքվել բնակիչները, ովքեր նախազգուշական փոքրիկ բողոքի ակցիա իրականացրեցին ընդդեմ, ինչպես իրենք էին ասում, այն «գիտունիկի» կայացրած որոշման, որի պատճառով գյուղը զրկվել է միջհամայնքային տրանսպորտից։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեռ սովետական տարիներից տրանսպորտը գործում էր, հետո անկախացանք, լավից, վատից՝ գոհ էինք, վերջին մեկուկես ամսվա ընթացքում չգիտես ում կարճ խելքով անցավ, որ տրանսպորտը պետք է վերանա։ Հետաքրքիր է՝ էդ որոշում կայացնողը կամ կայացնողները մարմնի ո՞ր մասով են մտածում, որ մի ամբողջ գյուղ, ինչու ոչ՝ նաև հարակից գյուղերը, կտրում են Երևանն ու Էջմիածինը կապող տրանսպորտային երակից։ Մի ամիս է՝ չենք իմանում էլ ում դիմենք, մի ամիս է՝ ոչ մի հստակ պատասխան չենք ստանում, երևի որոշել են էս գյուղն էլ նման ձևով դատարկել, ամոթ է։ 

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտնեց, որ անգամ հեռավոր գյուղերում պետք է տրանսպորտ գործի, որ գյուղացին կարողանա իր բերքն ազատ տեղափոխի, բայց մենք հո մենակ բերքը չենք տեղափոխում, ուսանողներ կան, հարևան գյուղերում սովորող երեխաներ կան, իսկ էս մի ամիսը ասես բլոկադայի մեջ հայտնված լինենք։ 4000 դրամ թոշակ ենք ստանում, բայց եթե մեկ ամիս ամեն օր գնանք աշխատանքի, գանք, էդ 4000-ը մեզ որպես ճանապարհածախս 1-2 օր կբավարարի, իսկ որ տրանսպորտը կար, էլի ապահով էինք։ Երևի մի խելոք որոշել ա չար կատակ խաղալ մեզ հետ։ Հիմա այս պահին կտրուկ գործողությունների չենք դիմում, ընդհուպ՝ մեր ու մանուկ, ահել-ջահել Երևան-Էջմիածին ճանապարհը կփակենք, բայց ուզում ենք այս պահին կառավարությունը տեղեկանա, որ 1.5 ամիս է տրանսպորտին կարոտ ենք մնացել»։

Գ. Շամշյանի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Դավիթ  Խուդաթյանը հայտնեց, որ խնդրին տեղյակ է ու առաջիկա շաբաթվա ընթացքում հարցը կլուծվի և գյուղացիները տրանսպորտի խնդիր չեն ունենա։ Գյուղացիներն էլ վստահ են, որ գոնե այս անգամ հերթական փափուկ բարձը չեն դնի իրենց գլխի տակ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր