211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Գառնառիճ գյուղ տանող միակ կամուրջը փլուզման եզրին է․ եթե կարճ ժամանակում հիմնովին չվերակառուցվի, գյուղը կկտրվի արտաքին աշխարհից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2614 դիտում article-date 17:43 21-07-2025
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնառիճ գյուղ տանող ճանապարհին գտնվող միակ կամուրջը մասամբ փլուզվել է, ինչի հետևանքով ավտոմեքենան ընկել է փոսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։ 

Պարեկները սահմանազատել են տարածքը և դադարեցրել երթևեկությունը։

Տեղում պարզվել է, որ Գառնառիճ գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող կամուրջը, որով գյուղը կապվում է արտաքին աշխարհի հետ, դեռևս չբացահայտված հանգամանքներում մասամբ փլուզվել է ինչի հետևանքով «Ford» մակնիշի բեռնատարը արգելափակվել է փլուզված հատվածում, որը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել, սակայն կամուրջը բեռնատարների համար դարձել է անանցանելի։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած «Աշոցքի  ավտոճանապարհի և ճանապարհաշինարարական» ՓԲԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Մարսել Կարապետյանի գլխավորությամբ, իրականացրեցին ժամանակավորապես կամրջի վերանորոգման աշխատանքներ։

Հատուկ տեխնիկաներով հեռացրեցին վնասված բետոնատարի հատվածը, ինչի շնորհիվ ժամանակավորապես երթևեկությունը միակողմանի վերականգնվեց, սակայն  կամուրջը հիմնովին վերակառուցման կարիք ունի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր