211652_close_icon
views-count20273 դիտում article-date 22:30 30-08-2024

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «BMW»-ն «Դվին» ռեստորանի հարևանությամբ կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հայտնվել բաժանարար գոտում, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մոտ 15 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից մեկին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր