211652_close_icon
views-count763 դիտում article-date 16:51 27-08-2024

Առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է դուրս մնան ԲՈւՀ-ից ֆինանսական խնդրի պատճառով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական մոդելով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ, օրենքի առանձին հոդվածով սահմանվելու է Ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն: Անդրադառնալով գիտական կազմակերպություններին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ նշվել է, որ առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ:

Քննարկում է ծավալվել լիցենզավորման նոր պայմանների, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման, բուհերի ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:

Կրթության զարգացման պետական ծրագրով պետական բուհերի ֆինանսավորման թեմայի շրջանակում վարչապետը նշել է՝ կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է դուրս մնան բուհից ֆինանսական խնդրի պատճառով: «Մեր քաղաքական սկզբունքը հետևյալն է, որ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել ներկայացված առաջարկությունները ներառել նախագծում, որից հետո այն ներկայացնել հանրային քննարկման:

Նմանատիպ նյութեր