211652_close_icon
views-count47526 դիտում article-date 13:53 22-07-2024

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 2 թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Տարոնի բաժնի պետի պարտականությունները կատարող Զ. Նավասարդյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վանաձոր» շտապօգնության կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել են նույն թաղամասի բնակիչ 60-ամյա Ալլա Ս.-ի դին։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 5-րդ հարկում հյուրասենյակի պատուհանները մաքրելիս է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ձեռքում առկա է եղել պատուհանի ապակիները մաքրելու նպատակով օգտագործված մաքրման կտորը։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր