211652_close_icon
views-count1135 դիտում article-date 13:25 11-07-2024

Այգի ենք կառուցում, վեց ամիս հետո այն մոլախոտով է պատվում, ճանապարհ ենք գծանշում, առաջին անձրևից հետո պարզվում է՝ այդտեղ ճանապարհ չկա. Փաշինյան

Գնում ենք, այգի ենք բացում, թուփ ու ծաղիկ տնկում և այլն, մի վեց ամիս հետո պատահական գնում ես տեսնելու՝ ինչ կա, տեսնում ես՝ 2 մետր մոլախոտ է աճել, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այցերի ընթացքում տեսնում եմ, որ զբոսայգիներում խնամքի պակաս կա։ Գուցե այստե՞ղ էլ պետք է լրացնենք։ Տեղեր կան՝ տեսնում եմ, որ ոռոգման համակարգեր չկան: Ոռոգման համակարգերը պետք է դարձնենք պարտադիր:

Օրինակ՝ գնում ենք, բացում ենք անում, ծաղիկ, թուփ տնկում և այլն, հետո մի վեց ամիս հետո պատահական գնում ես տեսնելու՝ ինչ կա, գնում, տեսնում ես՝ 2 մետր մոլախոտ է աճել», - ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ սա առանձին վերցրած երևույթ չէ, այլ շատ հաճախ պատահող:

«Այսինքն, համայնքը չի տվել բացատրություն՝ ինչպես է հետագա սպասարկումն իրականացվում, այստեղ, ուրեմն, պետք է հաստիք նախատեսված լինի, կամ պայմանագիր պետք է կնքված լինի մասնավորի հետ: Պետք է հասկանանք՝ ինչպես սա լուծել, որովհետև, եթե այգի ենք կառուցում, որ մեկ տարի հետո լինելու է մոլախոտի բռնկուտ, ինչի՞ համար ենք անում: Դա արվում է մարդկանց համար, ֆեյսբուքի, թվիթերի, յութուբի կամ լուրերի թողարկման համար չենք անում: Եթե մարդը չի կարողանալու օգտագործել, դա անիմաստ է», - շեշտեց նա:

Փաշինյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև ճանապարհներին:

«Գնում ենք ճանապարհները նայում, ասում ենք՝ պիտի լինի գծանշված, գնում ենք բացումն անում, առաջին անձրևից հետո մտնում ենք այնտեղ, տեսնում՝ ճանապարհ չկա: Առաջին անձրևից հետո առաջին տիղմի շերտը նստել է, հետո՝ երկրորդը, երրորդը ու այսպես շարունակ։ Ու վե՛րջ, ճանապարհը չկա», - ասաց նա:

Ըստ վարչապետի՝ դա նշանակում է, որ բյուջեի գումարները դրվել են տիղմի տակ, ի պահ հանձնվել, իսկ դա ոչ ոքի պետք չի:

«Սա շատ տարածված երևույթ է: Այցերի ժամանակ գնում եմ այդ ճանապարհները տեսնելու, ասում են՝ հեսա ճանապարհը, հարցնում եմ՝ ո՞ւր է, ու մարդիկ զարմանում են: Իրենց համար դա սովորական է՝ ասֆալտ ենք արել, 4 անգամ անձրև է եկել, ի՞նչ ես կռիվ անում։ Տիղմ է, դա բանական երևույթ է, պե՞տք է բահ բերենք՝ քանդես, տեսնես ասֆալտը տակն է, ամեն ինչ տեղում է: Այսինքն, մեր աչքին դա սովորական բան է», - նկատեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ խնդիրը հենց այստեղ է․ հաղորդակցության մեջ հասկանում ես՝ դա սովորական բան է, բա ուրիշ ո՞նց պետք է լիներ։ Ու այս խնդիրը շատ տեղերում է:

Նմանատիպ նյութեր