211652_close_icon
views-count1015 դիտում article-date 14:19 09-07-2024

«Մարզպետ, մեքենայովդ գնա ավտոկայան, բուլվարային թաղամաս, ոստիկանների թաղ կտեսնես՝ ինչքան տնակներում ապրողներ կան»․ գյումրեցիները՝ Շիրակի մարզպետի հայտարարության առիթով

Օրերս ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր․ «Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպե՞ս կարող ենք դիտարկել աղետի գոտի․ այդ խոսույթն այլեւս մեզ չի վերաբերվում»։

Aravot.am-ը փոքրիկ հարցախույզ կատարեց գյումրեցիների շրջանում՝ պարզելու՝ գյումրեցինե՞րն ինչ կարծիքի են՝ Շիրակի մարզն աղետի գոտի՞ է, թե՝ ոչ։ Գյումրեցի մի միջին տարիքի կին մեզ հետ զրույցում ասաց․

«Թող հլը գնան, նկարահանում կատարեն տնակները, թե ինչքան մարդիկ կան տնակներում ապրող, հետո ասեն, որ աղետի գոտի չի համարվում։ Սոցիալական ծառայություններ գոյություն ունեն, թող գնան, հետաքրքրվեն։ Եթե մի խնդիր է լինում մարդու անձնականի հետ կապված, սոցիալական ծառայության հետ կապված, նույն պահին նպաստից զրկում են մարդկանց, փոխանակ նման հարցերում մարդկանց օգնություն ցույց տան, հետո ելնեն, խոսեն։ Մարզպետ, դու քո մեքենայով պտտվե՞լ ես, գնա ավտոկայան, բուլվարային թաղամաս, ոստիկանների թաղ, հլը գնա մի հատ էդ կողմերը։ Չորրորդ երաժշտականի տարածքը, կինո Հայաստան՝ էդ կողմերը, կտեսնես՝ ինչքան տնակներում ապրողներ կան, ոչ ու բարով կենտրոնական թաղամաս է, դու ի՞նչըղ կըռնաս նման հայտարարություն անել, թող ելնի ժողովրդի մեջը, տեսնի՝ ժողովուրդն իրեն ինչ կանի»։ Զրուցակիցներին մեկն էլ ասաց՝ անօրինական տնակներ էլ կան։ Հարցին՝ Ձեր շրջապատում շատե՞րն են ապրում տնակներում, նա պատասխանեց՝ ոչ, բայց գիտեմ, որ կան։

Միջին տարիքի մի գյումրեցի կնոջ հիշեցրինք, որ Շիրակի մարզպետը հայտարարել էր՝ Շիրակի մարզն ամբողջությամբ շինհրապարակ է, ինչպե՞ս կարող ենք դիտարկել աղետի գոտի, նա այսպես արձագանքեց․

«Գլուխը պատով է տվել՝ ով որ է․ աղետի գոտի չէ, բա ի՞նչ է» Մի տղամարդ էլ վստահեցրեց․ «Ես մենակ էն գիտեմ, որ ինչ Նիկոլը եկել է ղեկավարության, ամեն ինչ փոխվել է դեպի լավը»։

Մեր զրուցակիցներից ոմանք էլ պնդում էին՝ ոչ մի բան էլ չի փոխվել․ նույն տնակներն են։ Մի կին էլ ասաց՝ հլը ծայրամաս գնացեք, ցեխի մեջ կկորեք․

«Տնակները լիքն են․ մեկն՝ իմ մորքուրի տղան տնակի մեջ մահացավ, իր աղջիկը՝ 15 տարեկան տնակի մեջ մահացավ, մինչև հիմա բարելավում չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր