211652_close_icon
views-count991 դիտում article-date 13:50 02-07-2024

ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարը հատուկ անդրադարձ են կատարել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի հետ (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից)։

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Շնորհավորելով  Մայքլ Օ՛Ֆլահերթիին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել  նրան այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Պաշտպանը խոսել է մարդու իրավունքների մի շարք բնագավառներում առկա խնդիրների մասին, անդրադարձ կատարել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին։

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման շրջանակներում լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը:

Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այդ ոլորտում իրականացված աշխատանքներին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ենթադրում է առանձնահատուկ մեթոդաբանություն, ինչը պետք է լինի բոլոր մարմինների կողմից այս համատեքստում իրականացվող աշխատանքների առանցքում։ Պաշտպանն անդրադարձել է նաև  ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին, ընդծել բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները, ի թիվս այլնի, քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր։

Իր հերթին  Մայքլ Օ՛Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել բովանդակալից զրույցի համար և ընդգծել Պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»:

Նմանատիպ նյութեր