211652_close_icon
views-count841 դիտում article-date 20:55 17-06-2024

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

 Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ էներգետիկ անվտանգության հարցերով ավագ խորհրդական Էյմոս Հոքսթինին, ով միջնորդ է հանդես գալիս Լիբանանի հետ Իսրայելի սահմանի շուրջ բանակցություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսրայելի նախագահի գրասենյակը։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի նախագահն ու ԱՄՆ ներկայացուցիչը քննարկել են Իսրայելի հյուսիսային քաղաքներին Հեզբոլլահի հասցրած հրթիռային հարվածների, ինչպես նաև հյուսիսային սահմանի անվտանգության վերականգնման ու  բնակիչների՝ իրենց տներն ապահով վերադառնալու հրատապ անհրաժեշտության թեմաները։

Բացի այդ, նրանք անդրադարձել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակմանը հասնելու հրատապ անհրաժեշտության մասին:

Հերցոգն ընդգծել է, որ սա կարևոր առաջին քայլ է առկա խնդիրների լուծման համար։

Այսօր՝ ավելի վաղ, Իսրայել ժամանած Հոքսթինին ընդունել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ կառավարության ղեկավարի գրասենյակը մանրամասներ չի հաղորդել:

Նմանատիպ նյութեր