211652_close_icon
views-count1048 դիտում article-date 20:40 11-06-2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է  Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկման ընթացքում ներկայացվել են ծրագրով  սահմանված  առաջնահերթությունները, նպատակները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները: Ծրագրի նպատակն է խթանել  զբաղվածությունը՝  մրցունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով: Ընդգծվել է, որ սահմանված նպատակների իրականացմամբ նախատեսվում է, մասնավորապես, կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև կանանց ձեռներեցության զարգացման նպատակով՝ մասնավորապես խթանելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տեսակետներ ծրագրի տարբեր կետերի շուրջ:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը, ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել և վերջնական տեսքի բերել ռազմավարական ծրագրի նախագիծը:

Նմանատիպ նյութեր