211652_close_icon
views-count28152 դիտում article-date 22:57 10-06-2024

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ 41-ամյա տղամարդը վիճաբանել, ծեծի է ենթարկել անչափահասների, ապա զենքի նմանվող առարկայով սպառնացել նրանց․ վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 30-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյան վարժարանի պետն է և իր անչափահաս սաները Սևաստոպոլյան փողոց 29Ա հասցեում անախորժության մեջ են ընկել, կռվի մեջ են մտել և նշում են, որ զինված մարդիկ են, այնուհետև ժամը 02։40-ի սահմաններում իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ մոտ 10 հոգի հարձակվել են իրենց վրա ծեծի ենթարկել, զինված են «Մակարով» տեսակի զենքերով և անչափահաս անձանց վրա զենք են պահել, ինչպես նաև իրենցից մեկի գտնվելու վայրը անհայտ է: Քիչ անց կրկին ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացին և հայտնել, որ տարիքով անձինք ծեծի են ենթարկում անչափահաս անձանց, շտապ ոստիկան մոտենա Սևաստոպոլյան փողոցի 29Ա հասցե:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Սևաստոպոլյան փողոցի 29Ա հասցեում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով շտապօգնության թիվ 14 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 17-ամյա Ս․ Մ․-ն և 16-ամյա Վ․ Ս․-ն:

Ոստիկանները պարզել են նաև, որ Երևանի բնակիչ 41-ամյա Դավիթ Ա․-ն հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով վիճաբանել և ծեծի է ենթարկել նշված անձանց, զենքի նմանվող առարկայով սպառնացել նրանց:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ վերջինիս և զենքի նմանվող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր