211652_close_icon
views-count652 դիտում article-date 15:49 05-06-2024

Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների վերաբերյալ զուգահեռ ստեղծելու փորձը հեռու է իրականությունից և անընդունելի․ Բայրամովը՝ Միրզոյանին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների վերաբերյալ զուգահեռ ստեղծելու փորձը, մեղմ ասած, հեռու է իրականությունից և անընդունելի. այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը։

«Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարևան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի Սահմանադրությունը և այլ օրենսդրական ակտեր տարածքային պահանջներ չեն պարունակում հարևան պետությունների և Հայաստանի նկատմամբ, հետևաբար, այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են: Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ նման բան տեսնում ենք։ Ադրբեջանի օրենսդրությունում կնհայտորեն բացակայում են նման կետեր: Սա գիտեն բոլոր միջազգային գործընկերները, և ոչ ոք չի ընդունում այդ փաստարկները, կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ գիտեն, որ սա անհիմն է», - ասել է Բայրամովը:

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար:

«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխության հարցը չի կազմում», - պնդել էր արտգործնախարարը:

Նա վստահեցրել էր, որ Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:

Հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի դիտարկմանը, թե Հայաստանը բյուջեով ծախսեր է նախատեսում Ադրբեջանի պահանջները կատարելու կամար, Միրզոյանն ասել էր, թե պատգամավորը մոլորության մեջ է:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր հունվարի 19-ին՝ պնդելով՝ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։

«Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում», - հայտարարել էր գործադիրի ղեկավարը։
Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն պնդել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:
Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։ Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

Նմանատիպ նյութեր