211652_close_icon
views-count1378 դիտում article-date 19:31 21-05-2020

Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն իրականությունից հեռու է և ամբողջովին անհիմն. փաստաբան Գեորգի Մելիքյան. 168.am

[url=https://168.am/2020/05/21/1306481.html]168.am[/url]-ը գրում է. Կասեցված լիազորություններով դատավոր Դավիթ Գրիգորյանին առնչվող մեղադրանքը և դրա հիման վրա հարուցված քրեական գործը, որն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Դ. Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում նախ ասաց, որ իր պաշտպանյալը թե նախաքննության ընթացքում, և թե ընդհանրապես չի ընդունել առաջադրված մեղադրանքը։ Փաստաբանի փոխանցմամբ՝ «Որևէ հանցավոր արարք կամ հանցակազմի տարրեր պարունակող գործողություն նա չի կատարել: Այդ մեղադրանքն ամբողջովին անհիմն է և իրականությունից հեռու»: Անդրադառնալով պաշտպանական խմբի դիրքորոշմանը՝ Գ. Մելիքյանն ասաց, որ ըստ իրենց՝ քրեական հետապնդումը չի կարող շարունակվել: «Բազմաթիվ անգամներ լրատվամիջոցներում և ընդհանրապես մեր հնարավորինս հրապարակային դիրքորոշմամբ նշել ենք, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման ապօրինի ճանաչելու պայմաններում քրեական հետապնդումը չի կարող շարունակվել, այսինքն՝ քրեական հետապնդումն ապօրինի է: Ակնկալում ենք դատարանից, որպեսզի այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնի, այդ մասով միջնորդություն նաև դատարանին ենք ներկայացնելու»,- ասաց Գեորգի Մելիքյանը: Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ: Փաստաբանի խոսքով՝ դա պետք է գործը կարճելու հիմք հանդիսանար: Նշենք նաև, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործում շատերը քաղաքական երանգներ են տեսնում: Պատճառն այն է, որ 2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ ազատ էր արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դրանից օրեր անց՝ հուլիսի 17-ին, ՀՔԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավել Ռ. Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ, իսկ արդեն հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմել էր ԲԴԽ՝ Դ. Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու միջնորդությամբ, որը ԲԴԽ-ն բավարարել էր: «Երկու գործերի մեջ որևէ առնչություն կամ կապ առկա չէ, բայց չենք ցանկանա քաղաքական դաշտ մտնել և փորձել ինչ-որ քաղաքական աստառներ տալ: Համենայն դեպս, դեռևս նախաքննության սկզբնական փուլերում, երբ խուզարկություն և առգրավումներ էին կատարում պարոն Գրիգորյանի աշխատասենյակում, մենք նշել ենք, որ քննիչն ամբողջովին, իսկ դա անհերքելի է, կոնկրետ այս գործի հանգամանքները թողած՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի փաստաթղթեր և նյութեր է առգրավել, ու դա ընդհանրապես որևէ առնչություն չունի այս գործի հետ: Ու զարմանալին նա է, որ առգրավելուց հետո էլ Ազգային անվտանգության ծառայության քննիչը գալիս է, ՀՔԾ-ի քննիչից է առգրավում էս փաստաթղթերը: Այսինքն՝ տրամաբանորեն կարելի է հանգիստ պնդել, որ որոշակի առումով իրար հետ կապ ունեին այնքանով, ինչքանով։ Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ քննիչն իր գործով ակտիվ գործողություն չի կատարում, օգտագործում է քննչական ծառայության քննիչին: Դա նշանակում է, որ մեկը մյուսի հետ առնչություն ունի, և ըստ էության այս մի գործի հարուցումը պատրաստ է եղել, որպեսզի մյուս գործով ինչ-որ հանգամանքներ պարզեն»,- ասաց Գեորգի Մելիքյանը՝ նշելով, որ առգրավված նյութերը, որքանով երևում է գործից, այս պահի դրությամբ գտնվում են ԱԱԾ-ում: Մանրամասներն՝[url=https://168.am/2020/05/21/1306481.html] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր