211652_close_icon
views-count49615 դիտում article-date 19:58 30-05-2024

Հայը, որ դարեր շարունակ աշխարհին ներկայացել է տարեց մարդուն հարգելով, այսօր հօդս ցնդեց. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 72-ամյա տատիկը հայտնվում է փողոցում. փաստաբանը չի ցանկանում մի քանի օր դադարեցնել վտարումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մենք՝ հայերս, սիրում ենք ի լուր  աշխարհի հայտարարել, որ տարբերվում ենք ազգերից շատ բաներում, այդ թվում՝ որպես ծնողասեր, տարիք հարգող ազգ:

Այսօր՝ մայիսի 30-ին, կարծես թե, տարիքով մարդուն սիրելու միֆը հօդս ցնդեց:

Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 82/1 տուն էին այցելել ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները, որտեղ պետք է իրականացնեին վտարում:

Ժամանել էր նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, և բժիշկները տեղում զննելով նշված թաղամասում ծնված, մեծացած, իր կյանքի մայրամուտն արդեն դիմավորող, նշված տան բնակիչ 72-ամյա Գեղեցիկ Ծ.-ին, հայտնել էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և սխալ է նրան տեղաշարժելը, մինչդեռ Հարկադիր ծառայության կատարման աշխատակիցները պնդում էին, որ իրենք ոչ մի հակաօրինական գործողություն չեն կատարում և պետք է վտարումն իրականացվի, տատիկին էլ հանեն դուրս:

Մթնոլորտը շիկացավ, երբ բժիշկները անրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո գնացին, սակայն մի քանի գույք դուրս բերելուց հետո մի պահ Հարկադիրի աշխատակիցները դադարեցրին իրենց գործողությունները, և ինչ-որ անձանց հետ հեռախոսով խոսակցություններ էին ունենում:

Պարզվեց, որ Հարկադիր է դիմել փաստաբանների պալատի փաստաբան Մելինե Զաքարյանը ու ինչպես ժողովուրդն է ասում, «երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ» ու հեռախոսով սպառնում է հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին, որ վտարումն իրականացնեն:

Մ. Զաքարյանի հետ է  կապնվել նաև տատիկի շահերը պաշտպանող, իրավաբանական ընկերություններից մեկի իրավաբանը և խնդրել, որ գոնե 10-15 օր վտարումը հետաձգեն, չի բացառվում, որ հնարավոր է հաշտության եզրեր գտնեն:

Նրան հայտնել են նաև, որ տատիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրա կյանքը արդեն մազից է կախված և մարդկային խիղճը թույլ չի տալիս, որպեսզի նրան շպրտեն փողոց,սակայն տիկին փաստաբանը, մարդկային ոչ մի խնդրանք չընդունելով, կոպիտ պատասխան է տվել իր գործընկերոջը ու անջատել հեռախոսը:

Այստեղ են ասում՝ ամեն մարդ չէ, որ իրավունք ունի ի լուր աշխարհի գոռալ, թե ինքը օժտված է մարդկային բարձր հատկանիշներով, մինչդեռ տատիկի շահերը ներկայացնող Արթուր Պետրոսյանը մեկ բան էր խնդրել տատիկի անունից, որ գոնե 10-15 օր հետաձգեն վտարումը, քանի որ իրենք դիմել են դատարան, իսկ տիկին փաստաբանը չի ցանկացել գոնե մեկ շաբաթով հետաձգել վտարումը, իսկ Արդարադատության նախարարությունն ու Հարկադիր կատարման ծառայության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել դադարեցնել գործընթացը:

Ու այդ մասին, ըստ տեղեկությունների, երբ իմացել է տիկին փաստաբանը, հոխորտացել է, թե մինչև ամենավերևներ բողոք կներկայացնի, հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների դեմ:

Այսօր արդեն հնարավոր է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Գեղեցիկ Ծ.-ն հայտնվի բաց երկնքի տակ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված տունը աճուրդի է հանվել ու կան տեղեկություններ, որ այն այնքան էլ մաքուր ու արդար տեղի չի ունեցել:

Հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ 30-40 հազար դոլար գնահատվող տունը աճուրդով վաճառվել է մոտ 5 միլիոն դրամով, մինչդեռ նման գումարով Նորք Մարաշում անգամ ավտոտնակ չես կարող գնել. եթե կա արդարություն, եթե կա մարդկային խիղճ, ապա այստեղ անելիք ունեն ՀՀ գլխավոր դատախազը, Հակակոռուպցիոն կոմիտեն, ինչու չէ նաև ՀՀ քննչական կոմիտեն ու եթե հրատապ նախաքննություն իրականացնեն՝ պարզելու համար, թե ինչու աճուրդ կատարելուց առաջ անգամ հարազատներին չեն տեղեկացրել:

Հարևանները նշում էին նաև, որ առողջական խնդիրներ ունեցող տատիկին այն ժամանակ են ինչ-որ թղթեր ստորագրել տվել, երբ նրա վիճակը եղել է ոչ բարվոք՝ առողջական խնդիրների հետ կապված, այդ տեղեկությունները իրավապահ մարմինները պարտավոր են մանրակրկիտ հետաքննել:

Փաստաբան Մելինե Զաքարյանը հաղորդագրություն է գրել SHAMSHYAN.com-ի էլեկտրոնային հասցեին, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախ, ես որևէ մեկին չեմ սպառնացել և որևէ մեկի վրա չեմ հոխորտացել։ 

Տվյալ տան աճուրդը կայացել է դեռ մարտի 18-ին։ Մարտի 22-ին այցելել ենք նշված հասցե` պարտապանի հետ հասկանալու ստեղծված իրավիճակում ինչ ելք կարելի է գտնել։ Պարտապանը սենյակից դուրս չի եկել` նշելով, որ հիվանդ է։ Դրանից հետո ՀԿԱԾ կողմից Պարտապանին և տվյալ հասցեում բնակվող այլ անձանց տրամադրվել է ողջամիտ ժամկետ տունն ազատելու համար։ Ողջամիտ ժամկետում տունը չի ազատվել և նշանակվել է վտարման օր։ Այդ ընթացքում պարտապանը բազմաթիվ հայցեր է ներկայացրել դատարան, մի դեպքում խնդրել է կասեցնել ակտի կատարումը,մեկ այլ դեպքում կիրառել հայցի ապահովման միջոց և այլն։ Ակտի կատարումը կասեցնելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջները դատարանի կողմից չեն բավարարվել։

Որևէ մեկը ինձ չի հայտնել, թե այդ տանը բնակվող տատիկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում կամ որ նրա կյանքը արդեն մազից է կախված։

Իրավաբանը նշել է, որ որպես կոլեգա ևս 7 օրով հետաձգվի վտարումը, տվել եմ բացասական պատասխան, քանի որ վարքագծի կանոնագիրքը պարտադրում է գործել ի շահ վստահորդի, ինչպես և վարվել եմ։ Հաշտության եզրեր գտնվելու վերաբերյալ ևս որևէ խոսակցություն չի եղել։

Աբսուրդային է փաստաբանին մեղադրել այն բանում, որ չի համաձայնվել ևս 7 կամ 10 օրով վտարումը հետաձգել,որպեսզի հակառակ կողմը ևս մեկ հնարավորություն ստանա հայցի ապահովման վերաբերյալ որոշում ստանալու համար նորից դիմել դատարան։

Եթե աճուրդը «մաքուր ու արդա» տեղի չի ունեցել, դատարանը համապատասխան որոշում կկայացնի։ Գնորդին կամ ինձ որևէ նման տվյալ հայտնի չէ։

Տատիկը տվյալ տան սեփականատեր չի հանդիսացել,ուստի պարզ չէ հրապարակման մեջ նշված այն միտքը, թե նրան թղթեր ստորագրել են տվել։

Ներկայացված տվյալները հաշվի առնելով` խնդրում եմ իրականությանը համապատասխանեցնել հրապարակման մեջ տեղ գտած տվյալները և հրապարակման վերնագիրը»։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր