211652_close_icon
views-count24397 դիտում article-date 18:38 30-05-2024

Ողբերգական դեպք՝ Մասիս քաղաքում․ շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի  սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա ով տեղում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 15։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Խաչատրյանը իր «Կամազ» մակնիշի կռունկ ավտոմեքենայով շինարարական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ բետոնե վահանակը (պանել) ընկել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քերոբ Նահապետյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «աշխատանքային կանոնները չպահպանելը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր