211652_close_icon
views-count127504 դիտում article-date 23:59 16-05-2024

Կրակոցներ՝ Արարատի մարզի Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. հայտնաբերվել է հրացան, կրակված պարկուճ, մահակ,«ՎԱԶ-2106», «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ․ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, նույն վարչության կարևորագույն վարչություններից մեկի պետ Վահե Մուշեղյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն ու Արտաշատի դատախազ Ռեմ Ռշտունին։

Ոստիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել Է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձի» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ 25-ամյա Հակոբ Խոդավերդյանն է, իսկ մահացածը Արտաշատ քաղաքի բնակիչ 28-ամյա Վահագն Վարդանյանն էր: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում, բացի սպանվածից, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև որսորդական հրացան, կրակված պարկուճ, 1 մահակ և «ՎԱԶ-2106» ու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, արնանման հետքեր։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 260+
260+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր