211652_close_icon
views-count1096 դիտում article-date 21:09 12-05-2024

Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց Հայրապետի օրհնությամբ, Աստծու կամքով և ժողովրդի ցանկությամբ. Բագրատ Սրբազան

Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, նրանց ձայները 35-ն են։

Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին։ Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել։

Մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը»,- նշեց Սրբազանը։

Նրա խոսքով՝ Այս շարժումը հռչակել են չակնկալիքների պայքար, այսինքն շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ այս օրերին գտնվում ենք պայքարի բովում։

«Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ»,- շեշտեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը:

«Այն պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ ու ընդունակ, բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող մարդկանցով՝ հնարավորություն տալով, անկախ մարդկանց կուսակցական պատկանելիության, ներգրավվելու այդ հաշտության կառավարության մեջ: Երկրում պետք է գերիշխի ներքին հաշտության մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա:

Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն ու ապահով, ոչ թե սրա ու նրա քմահաճույքներով, հարազատների ու բարեկամների լցոնումներով պայմանավորված: Անցումային կառավարությունը պետք է երաշխավորի արդար ու ազատ ընտրությունները»: 

Սրբազանի խոսքով՝ Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ: պետք է հանձնառու լինի շարունակել խաղաղ բանակցությունները:

Պետք է մերժի հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալուց՝ զարգացնելով իր սեփական հայկական օրակարգը, պետք է ապահովի սեփական ժողովրդի ուժականությանն ու կամքին:

«Չպետք է ճանաչի որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն՝ չվավերացնելով ուժի կիրառված իրողությունները: Բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով: Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը »,-հայտարարեց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերությունների համար` ներգրավելով բոլոր կարող ուժերը ՀՀ-ի և Սփյուռքի կյանքի զարգացման մեջ` թե՛ ներքին, թե՛ արտաքին մակարդակով:Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները` կլինեն դիվանագետներ, զինծառայողներ, պետական ծառայության մեջ գտնվող անձինք, ովքեր ինքնակամ հեռացել են կամ անարդարացիորեն հեռացել են աշխատանքից նույնիսկ մեկ լայք դնելու պատճառով:

«Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման փուլ, ուղղակի անհրաժեշտություն է մեր ապաքինումը՝ հոգևոր ապաքինումը: Զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ, նոր ժամանակակից պետության կազմավորման հայեցակարգով»,- նշեց Սրբազանը։

«Պետք է բանտերից ազատ արձակվեն քաղաքական հայացքով բանտարկված բոլոր անձինք: Ինչպես նաև` ամբողջ ջանքը ներդրվի` վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս գերեվարված տղաներին: Պետք է զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրին»,- ընգծեց Բագրատ Սրբազանը։

Վերջում Բագրատ Սրբազանը ավելացրեց․

«Ես պատրաստ եմ ցանկացած պատասխանատվություն ստանձնել՝ Հայոց հայրապետի օրհնությամբ, Աստծո կամքով, և բնականաբար մեր ժողովրդի ցանկությամբ։

Սակայն կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք են և անհրաժեշտ են իրավաբանների հետ քննարկումներ, որոնք, վստահ եմ, երկու օրվա ընթացքում կհստակեցվեն և կներկայացվեն ձեզ»։

Նմանատիպ նյութեր