211652_close_icon
views-count41571 դիտում article-date 12:02 06-05-2024

Առեղծվածային դեպք Երևանում․ ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր. ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի ճանապարհից դեպի Էրեբունի տանող Սարի թաղի կամրջի հարևանությամբ Opel մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի սրահում ատրճանակ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները Opel մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ վարորդի կողքի նստատեղին հայտնաբերել են ատրճանակ, որի վրա նույնպես կան արնանման հետքեր։

Տարածքը տեղում սահմանազատել են պարեկներ Խաչիկ Զախարյանն ու Գոռ Խանդեկյանը։

Գ․Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները պարզել են, որ նշված վայրից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ, 50-ամյա Սամվել Մ․-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Ազատության պողոտայում, ինչի համար էլ Ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Արդեն տեղում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ, պարզել են, որ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Դեպքի փաստով Արաբկիրի բաժնից փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Գ․Շամշյանի տեղեկություններով, վիրավորը Ոստիկանության նախկին ծառայող է և աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի արագ արձագանքման խմբում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր