211652_close_icon
views-count925 դիտում article-date 16:34 26-04-2024

«Եթե ոչինչ չեք կարողանում փոխել կամ կանխել, ավելի լավ չէ՞ ԱԺ-ում սահմանադրական ճգնաժամ ստեղծել»․ Հովհաննես Շահինյան

«Այսօր մեր ինքնիշխանությունն ու պետականությունը կորցնելու եզրին ենք։ Խորհրդարանում գոյություն ունեն երկու ընդդիմադիր ուժեր, որոնք հլու հնազանդ ծառայում են գործող վարչախմբին։ Խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ պետական սահմանի մասին օրենքը, բայց իրենց ընդդիմադիր հայտարարած խմբակցություններն ու պատգամավորները լուռ են։ Եթե ոչինչ չեք կարողանում փոխել կամ կանխել, ավելի լավ չէ՞ ԱԺ-ում սահմանադրական ճգնաժամ ստեղծել, իջնել փողոց եւ ազնիվ խոսել քաղաքացիների հետ, քանի որ դուք գաղտնի փաստաթղթերին հասանելիություն ունեք»,- այսօր ՀՀ ԱԺ-ի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարեց «Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը։

Նա ընդդիմադիր պատգամավորներին մեղադրեց հանցավոր անգործության մեջ եւ հորդորեց՝ մեղքի չափաբաժինը չվերցնել իրենց ու իրենց սերունդների վրա՝ համալրելով նզովյալների ցանկը։ Հովհաննես Շահինյանի ձեւակերպմամբ, վերջին 35 տարիների ընթացքում այսպիսի ստրկական վիճակում երբեք չենք եղել․ «ՀՀ քաղաքացին անպաշտպան է, անորոշ իրավիճակում, ՀՀ սահմանն էլ վերաձեւվում է Հայաստանին դեմ պետությունների ցանկությամբ՝ ՀՀ իշխանության լուռ համաձայնությամբ․ որտեղի՞ց են վերցրել 70-ականների քարտեզը, կադաստրի վկայականի պատճենը՝ անհասկանալի է»։ Ըստ բանախոսի, եթե խոսում ենք սահմանների մասին, ապա 1828 թվականի Գյուլիստանի պայմանագրից պետք է սկսել, որով Հայաստանը 70 հազար քառակուսի կիլոմետր էր ու գործընթացին պետք է մասնակից լինեն ՌԴ -ն ու ԻԻՀ-ն։

«Հայաստանի եւ ՌԴ-ի բարեկամությունը, եղբայրությունը աներկբա է»,- ցույցի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Շահինյանը՝ հավելելով, որ տարածաշրջանում թիվ մեկ խաղաղություն հաստատողը ՌԴ-ն է։ Պատասխանելով հարցին, որ ԱԺ-ում ՔՊ-ն մեծամասնություն է եւ եթե ընդդիմադիրները վայր դնեն մանդատները, միեւնույն է՝ ՔՊ-ն իր մեծամասնությամբ կարող է որոշումներ կայացնել, Հովհաննես Շահինյանն ասաց, որ այդ դեպքում աշխարհը կտեսնի, որ Հայաստանում միակուսակցական համակարգ է․

«Մնալով ԱԺ-ում՝ մենք ինչո՞ւ ենք լեգիտիմության մանդատ տալիս իշխանությանը։ Դուք արեք ձեր քայլը, թող իրենք միայնակ որոշեն եւ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանը, հասկանալու են, որ սա ապօրինի է, լեգիտիմություն չունի, ցանկացած պահի այդ հարցը կարող է բարձրանալ, ինչպես որ իրենք են այսօր բարձրացնում հարցեր, որոնք մենք 90-ականներին չենք դրել»։ Հովհաննես Շահինյանի կարծիքով՝ ուսանողությունը պետք է լինի առաջնորդող ուժ՝ դասադուլեր հայտարարելով ու դուրս գալով փողոց։ Մայիսի սկզբին կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը․ հարցին՝ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ եւ եթե չգնա, հայ-ռուսական հարաբերություններն ի՞նչ ընթացք կստանան, Հովհաննես Շահինյանը պատասխանեց՝ հուսով է, որ թե Փաշինյանի, թե մեզ համար երջանկություն կլինի, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ՀՀ վարչապետ չլինի եւ չգնա այդ արարողությանը մասնակցելու։ Համենայնդեպս, ինքը հույս ունի, որ այդպես կլինի։

Կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը խայտառակում է մեզ, մյուս երկրների ղեկավարները նողկանք են զգում նրա հետ հարաբերվելով․ «Կարծիք է ստեղծվում, որ մենք բոլորս Նիկոլ ենք։ Ոչ, այդպես չէ, տեսեք թե հայ ազգն ի՜նչ ղեկավարներ է ունեցել»։ Նա հանրությանը կոչ է անում կրկնապատկել բողոքի խաղաղ ցույցերը։ Նաեւ հույս ունի, որ առաջիկա օրերին ՀՀ ԱԺ-ում կքննարկվի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը՝ առանց հրահրելու, առանց ներքին բախումներ սադրելու։

Նմանատիպ նյութեր