211652_close_icon
views-count712 դիտում article-date 17:52 01-04-2024

Եթե Հայաստանը որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Վաղարշակ Հակոբյան

Իրականում ստացել եմ դժգոհություններ ոլորտային. Ուզում եմ հիշեցնել, որ մոտ մեկ ամիս առաջ արտահանվող հայկական ձկնկիթի հետ կապված խնդիր եղավ, անցած տարի արտահանվող մեր կաթնամթերքի հետ խնդիր եղավ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Կան միջազգային ստանդարտներ եւ մեր ռուսաստանյան գործընկերները նշում են, որ այդ ստանդարտներին միգուցե չի համապատասխանում այն մթերքը, որը արտահանվում է ՀՀ-ից: Հարցը ես կուզեի բաժանել երկու հատվածի. նախ, մենք որպես պետություն պետք է բարելավենք մեր արտահանվող ապրանքների որակը եւ փորձենք անել ամեն ինչ, որ մեր ապրանքները սպառվեն ոչ միայն դասական շուկաներում, այլեւ մեզ համար այս պահին միգուցե անհասանելի թվացող, բարձր չափանիշներ ունեցող շուկաներում: Մենք հիմա դրանով զբաղված ենք: Հարցի երկրորդ բաղադրիչը քաղաքական է. բազմաթիվ մարդիկ, վերլուծաբաններ ունեն տեսակետ, որ երբ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի պարզաբանման կարիք ունեցող հարցեր են առաջանում, այդ ընթացքում մեկ էլ  խնդիր է առաջանում մեր արտահանման հետ կապված»,-ասաց նա:

 Դիտարկմանը՝ արդյոք ԵՄ պաշտոնյաները չեն հորդորում Հայաստանին՝ նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, պատգամավորն ասաց. «Մենք պետք է խնդիրը դիտարկենք շուկաների դիվերսիֆիկացման առումով: Հիմա մեր կառավարությունը զբաղվում է դրանով,. Ինչը շատ նորմալ է, որպեսզի մեկ կետից կախվածություն չունենանք: Բայց նաեւ պետք է այնպես չանենք, որ մի կետից կախվածությունը դառնա մեկ այլ կետից կախվածություն: Դա է գրավականը, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, եթե վայրիվերումներ էլ լինեն, մեր տնտեսությունը նորմալ աշխատի:

Մենք այս պրոցեսը չպետք է դիտարկենք հակադրությունների մեջ, այլ համադրությունների մեջ: Օրինակ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, բայց մենք ԵՄ-ի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք արեւմտյան մեր բոլոր գործընկերների հետ, նաեւ Մերձավոր Արեւելքի գործընկերների հետ, մեր հարեւան Իրանի հետ: Մենք կարող ենք նաեւ մեծ դարպաս լինել ԵԱՏՄ-Իրան համագործակցության մեջ: Այս մեկնաբանության մեջ մենք շատ շահեկան դիրքում ենք գտնվում»:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպմանը, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «ՀՀ-ն այժմ բավականին բարդ իրավիճակում է գտնվում: Մենք ունենք լուրջ խնդիրներ անվտանգային միջավայրի հետ կապված, մենք ունենք բանակցային պրոցես՝ խաղաղության գործընթաց, որն ամեն կերպ փորձում ենք առաջ տանել, բայց այս ողջ գործընթացի ժամանակ մեզ անընդհատ փորձում են սադրել:

Երբ մեզ թե՛ ներսից, թե՛ դրսից, թե՛ կողքից փորձում են անընդհատ սադրել և հանել բանակցային այն պրոցեսից, որի մեջ մենք այժմ գտնվում ենք, մենք պետք է շարժվենք ՀՀ պետական շահին համապատասխան, և ՀՀ պետական շահը պահանջում է, որ ապրիլի 5-ին մեր ղեկավարի ներկայությունն այնտեղ լինի:

Ես կարծում եմ, որ ՀՀ-ին ընձեռնված է հնարավորություն՝ ԵՄ-ի և Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացման իմաստով և դա մենք պետք է օգտագործենք ի նպաստ ՀՀ-ի և հայ ժողովրդի»:
Վերջինս միաժամանակ նշեց, որ ՀՀ-ն վերջին մի քանի տարիներին հսկայական տնտեսական աճ է գրանցել և այդ բոլոր ձեռքբերումները ունեցել ենք ԵԱՏՄ մաքսային միության անդամակցության շրջանակներում. «Նաև ուզում եմ նշել, որ մենք իշխանություն ենք, որը ամենամաքսիմալ հնարավորություններն է օգտագործել ԵԱՏՄ ընձեռնված հնարավորությունների առումով, մենք այսօր վավերացրինք համաձայնագիր, ինչը քայլ առաջ է ԵԱՏՄ ինտեգրացիայի խորացման համար: Մենք բոլոր հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ անդամ երկրների, թե՛ մեր դաշնակից ՌԴ-ի հետ, և թե՛ մեր բարեկամ և գործընկեր ԵՄ երկրների հետ պետք է դիտարկենք ոչ թե հակադրությունների այլ համադրությունների մեջ»:

Ըստ Հակոբյանի՝ երբ Հայաստանը որևէ երկրի հետ հարաբերությունները խորացնում է, դա ուղղված չէ այլ երկրի դեմ, առավել ևս մեր դաշնակից ՌԴ-ի դեմ. «Արևմտյան մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացումն անում ենք միայն ՀՀ տնտեսության զարգացման, անվտանգության բարձրացման, մեր երկրի քաղաքացիների սոցիալական իրավիճակի բարելավման համար, որպեսզի մեր սահմաններն անվտանգ լինեն և այս տրամաբանության մեջ են մեր քայլերը: ՀՀ-ն սուվերեն երկիր է, և մենք գործում ենք ի նպաստ մեր երկրի»:

Նմանատիպ նյութեր