Եթե մեր հարաբերությունները լավ են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա որևէ այլ երկրի դեմ չի լինի. իրանցի պաշտոնյա
Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին` անդրադառնալով տարածաշրջանում առկա մտահոգիչ հակամարտություններին, որոնք, ըստ Քասեմիի, ծագում են տասնամյակներ առաջ գերտերությունների թույլ տված սխալներից, հայտարարել է, որ եթե իրենց հարաբերությունները լավ են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա որևէ այլ երկրի դեմ չի լինի: Այս մասին գրում է Press TV-ն:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը մտադիր է կոալիցիա կազմել Իրաքի, Սիրիայի և Թուրքիայի հետ` լուծելու համար տարածաշրջանում առաջացած խնդիրները, Քասեմին ասել է, որ իսլամական հանրապետությունը ցանկանում է խաղաղություն և անվտանգություն պահպանել:
«Մենք խաղաղություն և կայունություն ենք ցանկանում բոլորի համար, հետևաբար որևէ կարիք չկա նման կոալիցիա կազմելու մյուսների դեմ: Օրինակ, եթե մեր հարաբերությունները լավ են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, դա որևէ այլ երկրի դեմ չի լինի», - հավելել է իրանցի պաշտոնյան: