211652_close_icon
views-count835 դիտում article-date 15:56 30-03-2024

«Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ դնել ազգային պառակտմանը». Արշակ Կարապետյան

aravot.am. Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի՝ Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարը։ Համագումարին հանգամանալից ներկայացվելու են շարժման նպատակներն ու մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղղությամբ կուսակցության պատկերացումները, ինչպես նաև պետության բոլոր ոլորտներին վերաբերող արմատական բարեփոխման ծրագրերը՝ արդարացնելու հուսախաբ եղած հայ ժողովրդի սպասելիքները, որոնք փոշիացվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։

Համագումարի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, իսկ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը համագումարին ներկայացնելու է իր տեսակետները՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի, գործող իշխանությունների դեմ կազմակերպված, ինստիտուցիոնալ պայքար մղելու վերաբերյալ։

Հարյուրավոր մարդիկ, մեր տեղեկություններով, մասնակցելու են «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, ընդ որում, կուսակցության ստեղծումը որևէ կերպ չի ազդելու նույնանուն շարժման գործունեության և ընթացքի վրա, որին բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կառույցներ և անհայտ անձինք են միացել։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը կոչ է արել ոչ միայն հետևել նախաձեռնած գործընթացին, այլև առաջարկներով, ծրագրերով, ինչու չէ, նույնիսկ քննադատությամբ գործուն մասնակցություն ցուցաբերել «Համահայկական ճակատ» կուսակցության կայացման հզորացմանը։

«Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ դնել ազգային պառակտմանը, դառնալ մեկ բռունցք և հաստատակամորեն լցվել մեր պետության վերակառուցման պատվավոր գործին»,- նշել է Կարապետյանը։ «Համահայկական ճակատ» շարժումը դեռ իր ստեղծման օրվանից դավանում է ամենակարևոր գաղափարին՝ անկախ գաղափարական տարաձայնություններից՝ համախմբում և միասնություն. միայն այդ եղանակով հնարավորություն կա փոփոխություններ իրականացնել երկրում, կասեցնել Հայաստանի Հանրապետության գահավիժումը, հեռացնել գործող ապիկար և դավաճան իշխանություններին և նոր սահմանադրության ընդունմամբ՝ Հայաստանը դնել զարգացման ռելսերի վրա։ 

Նմանատիպ նյութեր