211652_close_icon
views-count811 դիտում article-date 20:40 22-03-2024

ՆԱՏՕ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ հավանական հակամարտության․ դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար

ՆԱՏՕ-ն վերադարձել է Հավաքական անվտանգության հայեցակարգին և այժմ պատրաստ է Ռուսաստանի հետ հավանական հակամարտության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը ուկրաինական «Արմիաինֆորմ» պարբերականին տված հարցազրույցում։

Նրա խոսքով ՝ 20-30 տարի առաջ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կենտրոնացել են միայն ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու վրա, սակայն Հավաքական անվտանգության հայեցակարգին վերադառնալու անհրաժեշտությունը ծագել է 2014 թվականին Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Այդ ժամանակից ի վեր փոխվել են դաշինքի պաշտպանական ռազմավարությունը և գործառնական պլանավորումը, ավելացել են պատրաստված զինվորների և զենքի պաշարները, ինչպես նաև բարելավվել է հրամանատարական կառավարման համակարգը:

«Պատրա՞ստ ենք։ Պատասխանը՝ այո։ Մեր գլխավոր խնդիրը պատրաստ լինելն է։ Եթե դա տեղի ունենա այսօր, ապա պետք է պայքարել եղած ռեսուրսներով։ Դա միշտ այսօրվա համար պատրաստության և միաժամանակ ապագայի հնարավորությունների բարելավման համադրություն է», - հայտարարել է Բաուերը։

Նրա խոսքով, մասնավորապես, ՆԱՏՕ-ն զգալիորեն փոխել և ամրապնդել է իր դիրքերը արևելյան թևում: Խոսքը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում դաշինքի ուժերի ընդլայնված ներկայության (Enhanced Forward Presence) ծրագրի մասին է։

«Այժմ մենք ունենք ութ այդպիսի մարտական խմբեր՝ գումարտակի չափով, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են միավորվել բրիգադում։ Համապատասխան երկրներում անընդհատ մշակվում է այդ մեխանիզմը։ Եթե ավելի շատ պահանջվի, ապա մենք կքննարկենք այս հարցը: Բայց առայժմ դա բավական է»,- ասել է նա։

Բաուերը հայտարարել է Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու ծրագրերի բացակայության մասին: Բայց միևնույն ժամանակ նա կոչ է արել դաշինքի անդամ երկրներին, որոնք նման որոշում կկայացնեն, հասկանալ դրա կապը կազմակերպության մնացած անդամների հետ։

Նմանատիպ նյութեր