211652_close_icon
views-count45307 դիտում article-date 23:54 16-03-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Toyota-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել․ Mercedes Vito-ն էլ բախվել է նրան ու կողաշրջված հայտնվել ձորում․ կա 8 վիրավոր, որոնցից 1-ին ձորից դուրս է բերել Արարատի մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի քանի մետրը և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Վասպուր Խաչատրյանը, Հարություն Թագվորյանն ու Վարուժան Խուդավերդյանը, ովքեր աշխատանքի ավարտից հետո վերադառնում էին տուն։

Վիրավորներին նաև օգնություն են ցուցաբերել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրը սահմանազատում էին պարեկները, «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվում է գլխիվայր շրջված «Toyota Camry»-ին, ապա մոտ 30 մետր առաջ է ընթանում, բախվում ծառերին, մի քանիսը կոտրում ու արմատախիլ անում և կողաշրջված վիճակում հայտնվում ձորում՝ մինչ այդ կոտրելով նաև երկաթե արգելապատնեշները։

Նշված վթարից 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներից մեկին ձորից դուրս է բերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխում է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Գուրգեն Գալեչյանը, կրտսեր պարեկ Գևորգ Հակոբյանը, 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ  Ալբերտ Ստեփանյանը ու կրտսեր պարեկ  Վարդան Հարությունյանը։

Մյուս 5 վիրավորներին ձորից դուրս են բերում Սևանի, Կոտայքի պարեկները, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Չարենցավանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Երկու վթարների փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+

Նմանատիպ նյութեր