211652_close_icon
views-count724 դիտում article-date 19:30 08-03-2024

«Մեծ կոռուպցիան այն է, 10 միլիարդ դրամի ստվեր կա». Մեսրոպ Մանուկյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Երեկ երեկոյան, հրատապ հրավիրված նիստում, ավագանու ՔՊ խմբակցության անդամները գլխադասային հանձնաժողովում անակնկալ ձեւով քննարկեցին եւ ավագանու առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկեցին Երեւանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը:

Հարցը վերաբերվում է հասարակական տրանսպորտին, ավելի ստույգ՝ տրանսպորտի թանկացմանը:

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ուշ երեկոյան, անակնկալ ձեւով հրավիրված նիստից մեկ ժամ առաջ էին տեղեկացել՝ թե նիստի, թե քննարկվող հարցի վերաբերյալ: Այսպիսով, ըստ ՔՊ-ականների լրամշակված նախագծի, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ: Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Նախկինում ներկայացրած տարբերակով, ՔՊ-ն մեկ տարվա համար առաջարկում էր 110 հազար դրամով ձեռք բերել միասնական քարտը: Այժմ՝ 88 հազար դրամ է առաջարկում: Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ տրամաբանություն էր դրված 110 հազարի մեջ, որը որ հիմա պատրաստ են վերանայել եւ իջեցնել:

Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկում մեկ տարվա համար հաշվարկված է 35 հազար դրամ ու հեգնեց, որ ՔՊ-ն կարող է 40 հազարով համաձայնության գալ: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ խնդիրը սուբսիդավորման ծավալների մեջ է: Փոխքաղաքապետը չի ասում, որ այսօր քաղաքային տրանսպորտի վիճակն իդեալական է, բայց նաեւ չի համեմատում գազելների դարաշրջանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում



Ընդդիմադիրները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրենց առաջարկած նախագիծը չի ընդգրկվել հանձնաժողովի նիստի օրակարգ, ինչո՞ւ է բերվել իշխող ուժի նախագիծն, այն էլ նիստից ընդամենը մեկ ժամ առաջ է օրակարգում ընդգրկվել: Նաեւ սակագնի ձեւավորման հարցը թեժ քննարկման առարկա դարձավ:



Պարզաբանումները՝ տեսանյութում

Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ համակարգում ստվերը մեծ տոկոս է կազմում ու դրանով է պայմանավորված ինքնարժեքի բարձր լինելը, բայց եթե անգամ ստվերն իջնի, միեւնույն է, ինքնարժեքի վրա դա էական ազդեցություն չի ունենալու: Այս հարցի շուրջ կրքերը բորբոքվեցին, բանավեճը վերածվեց վեճի:

Մանրամասները՝ տեսանյութում



Նիստի ավարտից հետո, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը երեւանցիներին հորդորեց՝ մարտի 12-ին, ավագանու նիստի ժամանակ, երբ այս հարցը կքննարկվի, բողոքի ցույցեր անել: Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, այս քննարկումը ցույց տվեց, որ պնդումները, թե քաղաքապետարանը 7 միլիարդ դրամ սուբսիդավորում է, իրականությանը չեն համապատասխանում, դրանք հերքվեցին բյուջեի կատարողականի ծախսային հատվածի քննարկման ժամանակ.

«Պարզվեց 4 միլիարդ 34 միլիոն դրամ է ընդամենը քաղաքային բյուջեից սուբսիդավորվում: Այդպես էլ հրաժարվեցին ներկայացնել, թե օրական որքան գումար է հավաքագրում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է ձևավորվում բյուջեն. սկզբից հավաքագրվում են մեր վճարած 100 դրամները, պակասորդ գումարը սուբսիդավորվում է քաղաքային բյուջեի կողմից։ Իրենց թանկացումը շուրջ 200 դրամ և ավելի է, ստացվում է, որ 21 մլրդ դրամ լրացուցիչ մուտք են իրենք ապահովում:

Ծիծաղելի էր, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նիստի ժամանակ պնդեց, որ օրական 550 հազար ուղևորափոխադրում է լինում, այնինչ 2014-ին WIG-ի հետազոտություններով 630 հազար ուղևորափոխադրում էր լինում օրական և կեսից ավելին են կարողանում հավաքագրել: Նրանք պնդում են, որ տարվա կտրվածքով նվազագույնը 10 միլիարդ դրամի ստվեր կա, այսինքն նրանք չեն կարողանում 10 միլիարդի ստվերը կառավարել, այս տրամաբանությամբ իրենք փորձում են քաղաքը կառավարել, արդյունավետությունը գնահատել: Ամենամեծ կոռուպցիան այն է, որ թաքցնում են, թե որքան գումար է օրական հավաքագրվում ուղևորավճարներից: Հաջորդ մեծ կոռուպցիան այն է, որ իմ հաշվարկով ու իրենց պնդումով, 10 միլիարդ դրամի ստվեր կա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր