211652_close_icon

«Ոլորտը կգնա ստվեր և կդառնա ավելի անվերահսկելի»․ Հայկ Սարգսյանը՝ պահնորդական ծառայությունների տուրքի բարձրացման մասին. Aravot.am

views-count2716 դիտում article-date 15:24 20-03-2025
«Ընդհանրապես բոլոր ոլորտներում դեմ եմ տուրքի բարձրացմանը, որովհետև դա տանում է ոլորտի խոշորացման, նույնը վերաբերում էր օնլայն կազինոներին։ Մենք տուրքն անընդհատ բարձրացրել ենք, մանր կազմակերպությունները դուրս են եկել, բայց դրանով խաղացողների թիվը չի փոխվել։ Եթե նախկինում վեց կազմակերպություն է եղել, հիմա 4-ն են մնացել»,-ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների առաջարկին։

Հայկ Սարգսյանը շարունակեց՝ հիմա, եթե տուրքը 500 հազար դրամ է, դարձնում ենք 3 միլիոն դրամ, հաշվարկեք՝ քանի՞ ընկերություն կարող է դուրս մնալ, և դա կծառայի խոշորների շահույթի մեծացմանը․ «Փոքրերը դուրս են գալու շուկայից և դառնալու ոչ մրցակցային։ Մյուս խնդիրը ապահովագրական պարտադիր պահանջն է, որն իր հետ բերելու է գների բարձրացման պահնորդական ծառայության։ Գնի բարձրացմանը հետևելու է այն, որ ոլորտը կարող է գնալ ստվեր։ Մարդիկ իրար հետ պայմանավորվելու են՝ իրար այդ ծառայությունը մատուցեն առանց գրանցման։ Ստացվում է՝ ուզում ենք լավարկել դաշտը, բայց իրականում վատացնում ենք, և կարող է գնալ ստվեր։ Ուղղակի ֆիզիկական անձինք իրար մեջ կպայմանավորվեն, ասենք՝ ես քեզ ամիսը 500 հազար դրամ կտամ, ինձ պաշտպանի կամ իմ ավտոյի մեջ նստի։ Կգնան ստվեր և կդառնանա ավելի անվերահսկելի»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մի շարք մտահոգություններ ներկայացրեց ու ասաց․ «Ես պնդում եմ հարցը՝ պահնորդական ընկերությունը պահպանություն է իրականացնում մարդու ընտանիքին՝ կնոջը և ամուսնուն։ Երկուսն էլ տեղաշարժվում են․ իրար հետ տեղ պիտի գնան, ո՞նց են այդքանով տեղավորվելու մեկ մեքենայի մեջ։ Խնդիրներ են առաջանալու»։

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հնչեցված մտահոգությունների առիթով պարզաբանեց․ «Քննարկումներ ենք ունեցել տարբեր պահնորդական կազմակերպությունների ղեկավարների հետ և սա թերևս իրենց կողմից ողջունվել է։ Մնացած ծառայությունները, որոնց գոյությունը մեզ համար էլ անհասկանալի է, շատ հնարավոր է, որ հենց այնտեղ ստվերային իրավիճակ կա։ Այս խստացումների նպատակն այն է, որ ոլորտը կանոնակարգված ու լրջացված լինի, քանի որ նախատեսում ենք շատ կարևոր օբյեկտների պահպանություն փոխանցել իրենց։ Մեր վերլուծությունները ցույց չեն տալիս, որ էական գնաճ կլինի․․․․Մեր դիտարկումները հանգեցրել են նրան, որ հանրային անվտանգության տեսանկյունից խնդրահարույց է երկրորդ մեքենան, և մենք օրենքով նախատեսում ենք այսպիսի փոփոխություն»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր