211652_close_icon
views-count430 դիտում article-date 13:25 13-11-2026

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են կոմիտեից:

Պատվիրակության կազմում էին նաև Իտալիայի Հանրապետության փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և կարաբիներների փոխգնդապետ, Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի Հանրապետության դեսպանության ոստիկանության կցորդ Անդրեա Չիլենտոն։

Արթուր Նահապետյանը, կարևորելով կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում Իտալիայի առաջավոր փորձը, ընդգծել է դեռևս 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեի և Իտալիայի ֆինանսական գվարդիայի միջև ստորագրված հուշագրի շրջանակում ձևավորված համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը։

Կոմիտեի նախագահը, վկայակոչելով իրավապահ ոլորտում իտալացի գործընկերների հետ վերջին տարիներին իրականացվող արդյունավետ աշխատանքը, համոզմունք է հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները՝ սերտ համագործակցային կապեր հաստատելու նաև Իտալիայի՝ կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարող մյուս իրավապահ մարմինների հետ։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին կարևորել է Կոմիտեի հետ համագործակցության դրական արդյունքները, ինչպես նաև ընդգծել Հարավային Կովկասի տարածաշրջանում Իտալիայի դեսպանության ոստիկանության կցորդի նշանակման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար վերապատրաստման և փորձի փոխանակման նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին՝ այդ գործընթացում կարևորելով իտալացի գործընկերների աջակցությունը։

Նմանատիպ նյութեր