211652_close_icon
views-count43818 դիտում article-date 11:33 03-03-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայով օրեր շարունակ անխնա հոսում է խցանված դիտահորերից թափվող կեղտաջուրը՝ հասնելով մինչև Հերացի փողոց․ բնակիչները վճարումը կատարում են, բայց քնում ու արթնանում են այդ հոտին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Մյասնիկյան պողոտայի՝ ժողովրդին հայտնի Կենդանաբանական այգու դիմացի հատվածի սեփական տների բնակիչները չգիտեն, որ պետական կառույցի դուռը ծեծեն, որպեսզի կարողանան «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի իրենց փրկեն անտանելի վիճակից։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները արդարացիորեն ասում էին․ «Սովետական տարիներից բնակվել ենք այս տներում։ Երբևէ խնդիրներ չենք ունեցել կոյուղու հետ կապված։ ԽՍՀՄ փլուզումից հետո նույնպես, սակայն վերջին տարիներին դարձել ենք գարշահոտության գերին։

 Կոյուղատարերը լցվել է ու դիտահորերից կեղտը թափվում է, ողողելով ողջ տարածքը, անգամ այն հոսելով գազանանոցի դիմացից հասնում է միչև Հերացի փողոց։ Բազմիցս դիմել ենք «Վեոլիա ջրին» ու Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետարանից մեզ պատասխանում են, թե այդ հարցը պետք է լուծի «Վեոլիա ջուրը», «Վեոլիա ջրից» էլ մեզ պատասխանում են, թե դա սեփական սեկտոր է, մենք էդտեղ անելիք չունենք։ Հետաքրքիր է, բա եթե «Վեոլիա ջուրը» անելիք չունի, այդ դեպքում ինչու ենք տարիներ շարունակ մենք չեղած բանի համար պարտաճանաչորեն վճարումները կատարում։ Հիմա ինչ, ստացվում է, բնակիչներս խաբված ենք, ասում են թե քաղաքակիրթ սպասարկում ենք անում, եթե այս ձև է ձեր պատկերացրած քաղաքակիրթ սպասարկումը, ապա վայ ձեզ, իսկ խնդիրը եթե Երևանի քաղաքապետարանը, «Վեոլիա ջուրը» մի քիչ սրտացավ մոտեցում ցուցաբերեն, կլուծվի։ Պետք է փոխվեն կոյուղատարերը։ Ամիսներ առաջ Մյասնիկյան պողոտան կապիտալ ասֆալտապատեցին ու էդ ժամանակ չգիտես՝ որ մի «ծակ պրոֆեսորի» մտքով անցավ ճանապարհի վրա տեղադրված դիտահորն էլ ասֆալտով փակեց, այն դեպքում, երբ հենց այդ դիտահորը կառուցված էր դեռ սովետական տարիներին։ Հիմա խնդրում ու պահանջում ենք պատկան մարմիններից, որ այս խնդիրը լուծեն»։

Երեկ՝ մարտի 2-ին, խնդրի մասին տեղեկանալով, նշված հասցե էր ժամանել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը, ում խնդրանքով էլ ժամանել էին «Վեոլիա ջուր» ընկերության Քանաքեռ-Զեյթունի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում հատուկ տեխնիկայի միջոցով մաքրեցին լցված դիտահորը, սակայն դա ժամանակավոր է։ Վարչական շրջանի ղեկավար Ա․ Հովակիմյանը բնակիչներին հայտնեց, որ խնդիրը ինքը կներկայացնի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և կաշխատեն հնարավորության սահմաններում հարցը կարգավորել՝ ի շահ բնակչի։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր