211652_close_icon
views-count1123 դիտում article-date 15:34 13-07-2026

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ դիտահորերից թափվող կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, գարշահոտն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Եթե հանրապետությունում սոցիոլոգիական հարցում իրականացվի, պարզելու, թե բնակչությունն ինչ գնահատական կտա «Վեոլիա ջուր» ընկերությանը, կարծում ենք գաղտնիք չի բացվի, երբ հայտնի դառնա, որ գերակշիռ մասը բացասական կարծիք ունի։

Երբ «Վեոլիա ջուր» ընկերության թերի աշխատանքների մասին հրապարակումներ ենք անում, այդ ընկերությունը, հետո նրանց միացած Ջրային կոմիտեն սրտաճմլիկ հայտարարություններ են տարածում, թե գույները խտացնում ենք։

Այսօր՝ հուլիսի 13-ին, SHAMSHYAN.com-ը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հասցեներին։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ արդեն 2-րդ օրն է Գյուրջյան փողոցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, նշված կենտրոնի ծննդատան, նշված փողոցին հարակից շենքերի բնակիչներն ու հարևանությամբ գործող տարատեսակ ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ սննդի կետերի, գեղեցկության ու հագուստի սրահների, ավտովերանորոգման կետերի, դեղատների, ծաղկի սրահների աշխատակիցները, շնչում են գարշահոտ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «2 օր է՝ էս անտանելի վիճակն է, 2 օր է՝ հարցին լուծում չեն տալիս, թեպետ սա երկար տարիների խնդիր է։ Ճիշտ է, որոշ դեպքերում «Վեոլիա ջուրը» գալիս, խցանումը վերացնում է, բայց մեկ օր չանցած կեղտն էլի ջրի երես է դուրս գալիս։ Պիտի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը հետևողականություն ցուցաբերի, դիմի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, գումար հայթայթեն ու հիմնովին փոխեն կոյուղատարերը, թե չէ էլի կգան, կմաքրեն, վաղը նորից նույն կեղտը նույն գարշահոտը կտիրի։ Հետաքրքիր է, որ էս վայրից Մասիվի թաղապետի աշխատավայր 1 կիլոմետր էլ չկա, մի՞թե նրան չի անհանգստացնում էս գարշահոտ ու հակասանիտարական վիճակը, թե՞ ինքը սովոր է կաբինետում կոնդիցիոներների տակ հով-զով լռվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նաև «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ժամանեցին ու սկսեցին աշխատանքները, բայց էլի ենք ասում, դա հարցի վերջնական լուծում չէ, պիտի ցուցաբերեն սրտացավ մոտեցում ու հարցը վերջնական լուծեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր