211652_close_icon
views-count541 դիտում article-date 15:54 29-02-2024

Ֆրանսիայի «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդը խորհրդարանին կոչ է արել իմփիչմենթի ենթարկել Մակրոնին

Ֆրանսիայի խորհրդարանը պետք է դեմ քվեարկի Ռուսաստանի հետ պատերազմին և իմփիչմենթի ենթարկի նախագահ Էմանուել Մակրոնին։ Այս մասին «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն գրել է X սոցիալական ցանցում:

«Ազգային խնդրագիր, որպեսզի խորհրդարանականները վերջապես տեղներից շարժվեն»,- պահանջել է քաղաքական գործիչը և կցել իր կուսակցության կայքում տեղադրված հանրային խնդրագրի հղումը։

Իր հրապարակման մեջ Ֆիլիպոն մատնանշել է Սահմանադրության 35-րդ հոդվածը, որը նախատեսում է քվեարկություն պատերազմի հարցի վերաբերյալ, ինչպես նաև 68-րդ հոդվածը, որը նախատեսում է նախագահի իմփիչմենթը։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ «Ֆրանսիայի ներկայիս նախագահն ատում է իր երկիրը և կարող է այն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ չի բացառում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր ուղարկումը Ուկրաինա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխան այսօր հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական միջամտությունների հետևանքները ողբերգական կլինեն:

«Նրանք սկսել են խոսել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորամիավորումներ ուղարկելու հնարավորության մասին, բայց մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, ովքեր ժամանակին իրենց զորակազմերն ուղարկել են մեր երկրի տարածքներ: Սակայն հիմա հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը հավելել է, որ Արևմուտքը, ի վերջո, պետք է հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունն ունի նաև զենք, որը կարող է խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները։

Միաժամանակ ՌԴ նախագահը նշել է, որ ռուսաֆոբիան կուրացնում է Արևմուտքին՝ զրկելով նրան բանականությունից։

Նմանատիպ նյութեր