211652_close_icon
views-count9784 դիտում article-date 20:09 12-02-2024

Ծնունդդ շնորհավոր հայ մեծանուն գրող, արձակագիր, կինոսցենարիստ, լեգենդար Հրանտ Մաթևոսյան․ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվաի 12-ին, հայ մեծանուն գրող, արձակագիր, կինոսցենարիստ, լեգենդար Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտասի անվան պանթեոնում լեգենդի շիրիմին էին այցելել հարազատները, նրա ընկերներն ու ընթերցողները, ովքեր ծաղիկներ խոնարհեցին ապա խնկարկում կատարեցին։

Ինչպես տեղեկանում ենք aybuben.com կայքից

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռիում, Ալավերդու (այժմ Թումանյանի) շրջանի Ահնիձոր գյուղում։

Սովորել է գյուղի դպրոցում, բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում, Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։

Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։

Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները (սցենարը կինոնկարի գրական հիմքն է)։

Գրականություն է մտել 60–ական թթ.։

Առաջին տպագիր գործը “Ահնիձոր” ակնարկն էր, որը մեծ աղմուկ հանեց։

Ոմանց ակնարկի տպագրության համար նույնիսկ պատժեցին. այդ ակնարկում Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։

Ընթերցողների կողմից ակնարկը շատ լավ ընդունվեց։

Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի հետ։

Ժամանակակից աշխարհի խնդիրները նրա գործերում արտացոլվեցին գյուղական կյանքի պատկերների միջոցով, որովհետև այդ տարիներին գյուղը առհասարակ դարձավ հասարակական ուշադրության կիզակետերից մեկը։

Վաթսունական թթ. դրական վեճերի և որոնումների տարիներ էին։

Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում. նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։

Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։

Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։

Նա գրում էր համեմատաբար քիչ. բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։

“Մենք ենք, մեր սարերը” վիպակում նա պատկերում է գյուղի հովիվների առօրյան, և այս վիպակում արդեն ուժեղ է բողոքը այն պայմանների դեմ, որոնք աղավաղում են գյուղացիների կյանքը, թույլ չեն տալիս նրանց ապրել պարզ, բնական օրենքներով։

Այս խնդիրն ավելի է սրվում նրա հաջորդ գործերում՝ “Օգոստոս” շարքի պատմվածքներում, “Աշնան արև” վիպակում։

Նրա գյուղացի հերոսները հաճախ դժվար բնավորություն ունեցող մարդիկ են, որոնք իրենք դժվար են ապրում և դժվարացնում են իրենց կողքի մարդկանց, իրենց հարազատների կյանքը։

Բայց նրանք ծանր աշխատանքի մարդիկ են, նրանց աշխատանքով է երկիրը շենանում։

Այդպիսին է նրա “Աշնան արև” վիպակի հերոսուհի Սղունը, որի կյանքում դառն օրերը շատ շատ են եղել, ուրախ օրերը շատ քիչ. բայց նա համառ է, չի կոտրվում և առաջ է տանում իր դժվար գործը՝ մեծացնում է իր երեխաներին, ստեղծում է իր տնտեսությունը և արհամարանքով նայում այն մարդկանց, որոնք թույլ են ու նվնվան։

Պատահական չէ, որ այդ վիպակի առաջին հրատարակությունը կոչվում էր “Երկրի ջիղը”. Սղունը իսկապես երկրի ջիղ էր, երկիրը շարժող մարդ։

Առհասարակ, աշխատանքի հանդեպ վերաբերմուքը դառնում է այն չափանիշը, որով ստուգվում են նրա հերոսների մարդկային արժանիքները։

Նրա գործերում չեն սիրում այն մարդկանց, որոնք լքում են քայքայվող գյուղը և փախչում քաղաք՝ թեթև կյանք փնտրելու, անտեր թողնելով իրենց հայրական տունը, դարերի իրենց ժառանգությունը։

Ամեն մեկը այս կյանքում պետք է տանի իր բեռը, կողքի մարդու կյանքը ավելի չծանրացնելու, մարդկանց օգնելու և արժանապատիվ գոյությունը ապահովելու համար։

“Օգոստոս” շարքում ունի “Նարինջ–զամբիկը” անունով մի պատմվածք, որում զուգահեռ է անցկացնում երկու ձիերի՝ գյուղում մնացած և չարաչար աշխատող Ալխոյի և քաղաք տարված ու կրկեսի ձի դարձած Նարինջի միջև։

Նարինջի կողերը փայլում էին գիրությունից ու մաքրությունից, իսկ Ալխոն նիհար էր ու կեղտոտ, և դեռ տերերն էլ այնքան էլ ուշադիր չէին նրա հանդեպ՝ տալիս էին, ով խնդրում էր, լավ չէին խնամում և այլն։

Բայց Ալխոն իր հարազատ գյուղում էր, գյուղացիների ընկերն ու օգնականն էր, և դրա համար էլ հեղինակի անսքող համակրանքը նրա կողմն է, իսկ Նարինջ զամբիկը միայն հակակրանք է հարուցում հեղինակի և մեր մեջ։

Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը “Տերը” վիպակն է։

Նրա հերոսը ևս գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։

Նա իրեն տեր է համարում։

Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար միայն։

Բայց դրանք շատ են, իսկ Ռոստոմը՝ տերը, մենակ։

Եվ նրա համար շատ դժվար է ապրել, նրան ամեն կերպ ուզում են խեղճացնել, ծեծում են։

Անձնական կյանքում էլ դժբախտ է և Սղունի պես ծանր բնավորություն ունի։

Բայց նա իսկապես տեր է, իսկապես այն մարդն է, որի նմանները պետք է շատ լինեն և փրկեն իրենց գյուղն ու անտառը, Հայաստանի բոլոր գյուղերն ու բնությունը մարդակերպ գիշատիչներից...

Նոր է նաև Մաթևոսյանի ոճը։

Դա մեզ ծանոթ, հանգիստ պատումը (պատմելու ձևը) չէ. ինչ–որ մեկը կարծես լարված ու գռգռված խոսում է՝ հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով։

Այս ձևով է Մաթևոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը։

Մաթևոսյանը շատ է սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա իսկապես 20–րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։

եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում է այդ մարդու հոգեբանությանը։

Մյուս կողմից, այդ ոճը դժվարացնում է Մաթևոսյանի որոշ գործերի ընթերցանությունը։

Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որն ստացավ նախկին ԽՍՀՄ—ի պետական մրցանակ։

Նրա գործերը թարգմանված են նաև աշխարհի տարբեր լեզուներով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր