211652_close_icon
views-count934 դիտում article-date 16:45 06-02-2024

Հոբելյանական․ Ազգային մանկական գրադարանը 20-րդ անգամ կանցկացնի «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը։ Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ը, իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ 
 
«Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝  Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։
 
Նշենք, որ բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները: Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։ Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ: 
 
Գրադարանի հարկի ներքո  իրենց  մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան  հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան  ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ  զեղչերով:
 
Տեղեկացնենք նաև, որ այս տարի ևս կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քո առաջին գիրքը»  գրական արշավը․ գրադարանի աշխատակիցները տոնավաճառի օրերին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին կնվիրեն գրքեր։
 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է մանուկների, պատանիների շրջանում խթանել հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ, տարաբնույթ, ինտերակտիվ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս երեխաների ուշադրությունն ուղղել դեպի գրական ստեղծագործությունները։
 
Հատկանշական է, որ այս կարևոր նախաձեռնությունը երկու տասնամյակ շարունակ մեկտեղում է մանկապատանեկան գրականության ողջ գունապնակը՝ հնարավորություն ընձեռելով մեկ հարթակում հանրությանը ծանոթանալու մանկապատանեկան գրքի նորություններին և  գրական արտադրանքի արդի միտումներին։ 
 
ԽՆԿՈ ԱՊՈՐ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Նմանատիպ նյութեր