211652_close_icon
views-count1162 դիտում article-date 08:11 31-01-2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության նոր մրցույթ է հայտարարել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Նախորդ տարեվերջին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության խայտառակ տապալումից հետո, ԱԺ-ն հունվարի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության համար նոր մրցույթ է հայտարարել, վերջնաժամկետն էլ փետրվարի 5-ն է:

ԿԿՀ անդամի պաշտոնում ինքնաառաջադրված թեկնածուների մրցույթն անցկացնելու է Մրցութային խորհուրդը, որը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից նշանակված ներկայացուցիչներից։

Կոռուպցիայի կանխարգելման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը, ի թիվս այլ անհրաժեշտ փաստաթղթերի, ներկայացնում է նաեւ բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ, որում ներկայացված տվյալները ստուգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած մասնակիցները ընդգրկվում են մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում, որը Մրցութային խորհուրդը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին՝ ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

ԿԿՀ անդամներին ընտրում է խորհրդարանը: Անցած տարի, կոպտորեն թիրախավորելով ԿԿՀ նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին եւ Նարինե Ավետիսյանին, մերժեցին:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր