211652_close_icon
views-count898 դիտում article-date 18:22 19-01-2024

Սահմանին մի մարդ չկա՞ր, որ դեմն առներ, տարածքը վերահսկող չկա՞ր. Տեղ համայնքի ավագանու անդամը՝ ոչխարների անհետացման մասին

Այսօր Տեղ համայնքի Արավուս բնակավայրի սահմանին մոտ 200 ոչխարի անհետացման դեպքով Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը իր զարմանքը հայտնեց. «Ինչ ասեմ, սահմանին մի մարդ չկա՞ր, որ դեմն առներ։ Հովիվն է՝ շփոթել է, կամ տարածքին անծանոթ է, կամ չի հասցրել դեմն առնի, մի մարդ չկա՞ր՝ դեմն առներ: Դե հիմա մտածում են՝ ոչխար է էլի, ուրիշ մարդ չի, ապագա բարեկամներն են, խաղաղության դարաշրջանն ենք, չէ՞, մտնում: Իրականում անփութության հետեւանք. Արարատյան դաշտում ռուսական սահմանը կա, մարդիկ գիտեն, չեն անցնում, մեր մոտ էլ գրած է՝ սահման։ Մենակ գրած է, տարածքը վերահսկող չկա՞ր»:

ՀՀ ՊՆ-ից ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնել էին, որ որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս՝ ադրբեջանական կողմի ներթափանցման փորձ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից: 

Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն էլ լրատվամիջոցներին ասել է, որ մոտ 300 ոչխար է եղել. «Արոտի ժամանակ է եղել։ Մի քիչ մոտիկացել են իրենց սահմանին, իրենք էլ գողացել, տարել են։ Հովիվը 73-ին վերցրել, փախել է, էն 230-ը տարել են»։ Հարցին՝ այդտեղ հայկական սահմանին սահմանապահներ չկա՞ն կանգնած, ավագանու անդամը նշեց. «Իհարկե, կան, աշխարհազորը կանգնած է։ Աշխարհազորից 50 մ այն կողմ իրենց պոստն է։ Ո՞նց են տարել։ Կրակելու հրաման էլ չեն տալիս, չեն թողնում»։

Նմանատիպ նյութեր