211652_close_icon
views-count41939 դիտում article-date 03:26 14-01-2024

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Քասաղ գյուղում․ կրակոցներ են արձակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ․ հայտնաբերվել է կրակված 20 պարկուճ և 8 գնդակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասաղ գյուղում կրակոցներ են հնչել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Նաիրիի  բաժնի պետ Սանթուր Դուրգարյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա  էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Տեղում տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու  կրտսեր պարեկ Պարույր Խաչատրյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հովհաննես Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 173+
173+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր