211652_close_icon
views-count835 դիտում article-date 10:36 13-01-2024

Գլոբալ տաքացումը անշեղորեն շարունակվում է 2024 թվականին՝ 2023-ի ռեկորդային ցուցանիշից հետո

Օդերեւութաբանները հաստատել են այն, ինչ նրանք կասկածում էին դեռ ամռանը՝ 2023 թվականը պաշտոնապես դարձել է 1850 թվականից ի վեր գրանցված ամենաշոգ տարին։ Միջին տարեկան ջերմաստիճանը 1,48°C բարձր է նախաարդյունաբերական մակարդակից, մարդկությունը հասել է Փարիզի համաձայնագրում նշված երկու շեմերից առաջինին, որից այն կողմ գիտնականները կանխատեսում են կլիմայի փոփոխության աղետալի հետևանքներ երկրի վրա կյանքի համար:

Եվրամիության «Կոպեռնիկուս» կլիմայական կենտրոնի հետազոտողները երեքշաբթի հրապարակել են իրենց տարեկան կլիմայական ակնարկը՝ ասելով, որ 2023 թվականը մեծ տարբերությամբ գերազանցել է նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2016 թվականին, հայտնում է BBC-ն։

«2023 թվականին, առաջին անգամ, տարվա ամեն օր 1°C-ով բարձր էր 1850-1900 թվականների նախաարդյունաբերական մակարդակից: Գրեթե յուրաքանչյուր երկրորդ օրը ավելի քան 1,5°C-ով ավելի տաք էր, քան 1850-1900 թվականներին, իսկ նոյեմբերի երկու օրն առաջին անգամ գերազանցեց 2°C-ի սահմանագիծը»,- ասվում է ակնարկում:

Դեռևս 2015 թվականին Փարիզում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսում աշխարհի գրեթե բոլոր երկրները համաձայնեցին սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի աճը այս դարում մինչև 2°C, քան նախաարդյունաբերական մակարդակը, իսկ իդեալականը` չհասնի 1,5°C:

Գնալով ավելի դժվար է դառնում Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելը։ Վերջին ինը տարիները եղել են ամենաթեժը պատմության մեջ. ընդ որում զգալի տարբերությամբ:

«2023 թվականը բացառիկ տարի ստացվեց. Կլիմայական ռեկորդներն ընկան մեկը մյուսի հետևից: Ըստ ամենայնի, այն ամենատաքն է եղել վերջին 100 հազար տարվա ընթացքում»,- զեկույցը մեկնաբանել է «Կոպեռնիկուս» կենտրոնի ղեկավարներից Սամանտա Բուրջեսը։

2023-ի անոմալ տարվա երկու հիմնական պատճառներն են՝ մարդու կողմից առաջացած գլոբալ տաքացումը և Էլ Նինյոն՝ Խաղաղ օվկիանոսի մակերևույթի տաքացման երևույթը:

Անցյալ տարի ծովի մակերևույթի միջին գլոբալ ջերմաստիճանը մնաց համառ և անսովոր բարձր օվկիանոսի ավազանների մեծ մասում, հատկապես Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում, ինչը մեծ դեր է խաղացել ընդհանուր գլոբալ ջերմաստիճանի բարձրացման գործում, ըստ Կոպեռնիկուս կենտրոնի:

Օվկիանոսը առանցքային է կլիմայի համար, քանի որ այն ծածկում է Երկրի մակերեսի ավելի քան 70%-ը և կլանել է վերջին տասնամյակների գլոբալ տաքացման 90%-ը: Ընդամենը մի քանի տասնյակ մետր խորության վրա պահվում է նույն քանակությամբ ջերմություն, ինչ Երկրի ողջ մթնոլորտում:

Որքան տաք է օվկիանոսը, այնքան ցածր է նրա էներգիան կլանելու և ամբողջ մոլորակի վրա բարձրացող ջերմաստիճանը հարթելու ունակությունը: Եվ ոչ մի լավ նորություն չկա. ամերիկյան ՆԱՍԱ-ի տվյալներով՝ վերջին տասնամյակում ջրի ջերմաստիճանը ռեկորդային է եղել առնվազն 200 տարվա ընթացքում։

Եվրոպացի գիտնականները անհանգստությամբ են նայում ապագային.

2023 թվականի հունիսից դեկտեմբեր ամիսներին յուրաքանչյուր ամիս ավելի տաք է եղել, քան նախորդ տարվա համապատասխան ամիսը։ Նոր տարին ոչ մի հանգստություն չբերեց. «2023 թվականի դեկտեմբերն աշխարհում գրանցված ամենատաքն էր։ Հավանական է, որ 2024 թվականի հունվարին կամ փետրվարին ավարտվող 12 ամիսների ընթացքում ջերմաստիճանը կգերազանցի նախաարդյունաբերական մակարդակը 1,5 °C-ով»,- զգուշացնում են նրանք:

Նմանատիպ նյութեր