211652_close_icon
views-count679 դիտում article-date 20:02 10-01-2024

Ներկայացվել են Վայոց ձորի մարզում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դավիդ Գոդշմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Ժելկո Լեժայային, ենթապատվիրակության ղեկավարի տեղակալ Զարինա Ատոժոնբային և Հայկական ԿԽ ընկերության Սյունիքի և Վայոց ձորի մարզային ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից:

Մարզպետը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ներկայացուցիչներին ծավալած գործունեության համար՝ նշելով, որ պատկան մարմինները և հասարակության լայն զանգվածները քաջատեղյակ են կազմակերպության գործունեության մասին և բարձր են գնահատում հատկապես ճգնաժամային իրավիճակներում կազմակերպության՝ մարդասիրական առաքելությանն ուղղված, կոնֆլիկտներից տուժած մարդկանց խնդիրների լուծմանը միտված տարաբնույթ ծրագրերի արդյունքները։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են Վայոց ձորի մարզում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, մասնավորապես շեշտադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու, սատարելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած մեծածավալ աջակցության և կամավորների կատարած լայնամասշտաբ աշխատանքների հանգամանքը։

Այնուհետև քննարկվել են 2024 թվականին իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները․ շարունակվելու են տեղահանվածների ինտեգրմանն ու սոցիալական դժվարությունների հաղթահարմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ հոգեբանական ծառայության տրամադրում, առաջին օգնության դասընթացների կազմակերպում, նրանց և հյուրընկալած բնակավայրերի համար տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացում, տարեցներին տնային խնամքի ծառայության տրամադրում և այլն, իսկ բնակարանաշինությանն ու բնակարանների վերանորոգմանն ուղղված ծրագրերը դեռ պլանավորման փուլում են։

Կարևորվել է կայուն և տևական արդյունքներ ապահովող ծրագրերի իրականացումը, որոնք ավելի սահուն և դյուրին կդարձնեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ինտեգրման գործընթացը։ Հանդիպման կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և ընդլայնված համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր