211652_close_icon
views-count13684 դիտում article-date 19:18 23-12-2023

Հայոց բանակից հայրենի Հաղթանակ բնակավայր վերադարձավ Շարոյանների ընտանիքի զավակը, ում պապիկը և հորեղբայրը իրենց կյանքն են նվիրաբերել հանուն հայրենիքի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում տոնական տրամադրություն էր։ Հաղթանակցիները և հարևան գյուղի բնակիչները հավաքվել էին Հաղթանակի հուշարձանի մոտ, որպեսզի դիմավորեն բանակից վերադարձող Վահագն Շարոյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահագնի պապիկը՝ Գարիկ Շարոյանը և հորեղբայրը՝ Վահագն Շարոյանը հանուն Արցախի և Հայաստանի նվիրաբերել են իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ 

Գարիկ Շարոյանը կռվել է Արծիվ մահապարտների ջոկատում, որպես դասակի հրամանատար և նահատակվել է 1992 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության առաջին տարեդարձի օրը՝ Մարտակերտի Վաղուհաս գյուղի պաշտպանական մարտերի ժամանակ, իսկ Վահագն Գարիկի Շարոյանը ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության է անցել հյուսիս արևելյան զորամասերից մեկում և 2002 թվականին՝ Նոյեմբերյանի Կոթի գյուղի մարտական դիրքերում նահատակվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցին։ 

Ներկաները երգ ու պարով, ծափերով ու բարձ տրամադրությամբ դիմավորեցին Վահագնին, ով նախ ծաղիկներ խոնարհեց հերոս պապիկի, հորեղբոր և հաղթանակցի մյուս հերոսներին նվիրված հուշարձանին։

Շարոյանների ընտանիքում և ինչու չէ նաև գյուղում մեծ հպարտություն է, երբ հերոսների ընտանիքի միակ զավակը իր պարտքն է տալիս հայրենիքին, այն հայրենիքին, որի փրկության համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր զորացրված զինվորի պապիկը և հորեղբայրը, ում անունն էլ կրում Վահագնը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+

Նմանատիպ նյութեր