98115 դիտում
18:01 21-12-2018
Մարդիկ, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգում այլ մարդկանց կյանքն ու առողջությունը փրկելու համար: Փրկարաները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին.
Հարգելի´ պարոն Փաշինյան,
Ձեզ են դիմում երկրից ու պետությունից վիրավորված փրկարար ծառայողներ: Մարդիկ, ովքեր տարվա մեջ 365 և շաբաթը 7 օր, իսկ օրը 24 ժամ անձնուրաց ծառայում են ի շահ Հայաստանի ու նրա քաղաքացու:
Մարդիկ, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգում այլ մարդկանց կյանքն ու առողջությունը, գույքն ու սեփականությունը փրկելու համար: Մարդիկ, ովքեր օրերով իրենց ընտանիքների կողքին չեն լինում, որ այլոց ընտանիքների երջանկությունը չտուժի:
Հարգելի´ պարոն Փաշինյան,
տարիներ շարունակ մենք հանդուրժել ենք այս անարդարությունը, բայց եկել է պահը, երբ մենք լռել այլևս անզոր ենք:
Արդեն երկրորդ Ամանորն է՝ Հայաստանի Փրկարար Ծառայության ծառայողները պարգևատրվում են… 30 տոկոս պարգևավճարով ընդամենը: Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ, ովքեր ամսական ստանում են ընդամենը 80-100 հազար ՀՀ դրամ աշխատավարձ, և տարիներ շարունակ համազգեստ չստանալով, բայց պարտադրաբար իրե՜նց գրպանից վճարել և նոր համազգեստներ են գնել, այժմ ստիպված են նշված աշխատավարձի ընդամենը 30 տոկոսի չափով ստացած պարգևավճարով իրենց երեխաների ու ընտանիքիների համար գնել նվերներ, տոնել Ամանոր ու երջանիկ զգալ, որ դեռ մի «փոքր էլ գումար խնայեցին» հաջորդ ամսվա ծախսերը և տան հոգսը թեթևացնելու համար:
Հարգելի´ պարոն Փաշինյան,
ս.թ. ապրիլից ի վեր Հայաստանի Հանրապետությունում բոլորն անխտիր մասնակցում էին սկսված շարժման ողջ ընթացքին՝ ապավինելով Ձեզ, հուսալով, որ Դուք կբացեք մեր ու մեր ապագա սերունդների առջև այն դուռը, որն անվերադարձ փակված էր համարվում:
Շարժմանը մասնակցում էին բոլոր քաղաքացիները, բացի ծառայողներից, որովհետև մեր պարտքն այլ էր: Դա գիտակցելով և ոչ մի օր դուրս չեկանք տներից ու չփակեցինք և ոչ մի փողոց, փոխարենը օգնեցինք ու փրկության ձեռք մեկնեցինք ամենքին, ով կարիքն ուներ մեր ծառայության: Դուրս չեկանք փողոցներ, բայց հոգու խորքում մե՜նք էլ սպասում էինք, որ հեղափոխությունը կհեղափոխի (դրական իմաստով) նաև մե՜ր կյանքը…
Այսօր, սակայն, նույն կարծիքին մնալն այնքան էլ իրատեսական չէ: Արդարության համար ցանկանում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ո´չ մի այլ ծառայությունում մարդիկ Ամանորին դատարկաձեռն ու գլխահակ չեն վերադարձել տուն, ինչպես հերթական անգամ ստիպված ենք վարվել մենք…
Փաստենք նաև, որ մենք այլ ծառայությունների ծառայողներից մեզ չե´նք գերագնահատում, բայց պահանջու՜մ ենք, որ մեզ դադարեն թերագնահատել:
Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ ՀԱՅ ՓՐԿԱՐԱՐՆԵՐ
Նմանատիպ նյութեր
1450 դիտում
12:35 25-03-2023
Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը