211652_close_icon
views-count14331 դիտում article-date 21:09 21-12-2023

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին «Արարատ-73»-ի լեգենդ Նիկոլայ Ղազարյանին

Երևանում՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում,  վերջին հրաժեշտը տվեցին «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանին:

Նիկոլայ Ղազարյանին հոգեհանգստին ներկա էին ավագ սերնդի, հայկական սպորտի ներկայիս ու լեգենդար թիմի մի շարք ֆուտբոլիստներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Նիկոլայ Ղազարյանին բնութագրեց, որպես իր սերնդի ֆուտբոլիստների լավագույն ներկայացուցիչներից մեկը:

«Ժամանակն անողոք է: Նիկոլայ Ղազարյանը լուսահոգի դարձավ, բայց ինքը շատ վառ անհատականություն էր: Իսկ ֆուտբոլում հիշվում է որպես հրթիռային արագությամբ ֆուտբոլիստ, մեծ հաղթանակներ կերտած ֆուտբոլիստ»,-ասաց Գիլոյանը: Վերջինս իր խորին ցավակցությունը հայտնեց Ղազարյանի ընտանիքին, ընկերներին:

«Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը հիշում է Նիկոլայ Ղազարյանին որպես կենսուրախ և ինքնատիպ ֆուտբոլիստի, որն իր բացառիկ ներդրումն է ունեցել «Արարատ»-ի լեգենդար հաղթանակներում:

««Արարատ-73»-ի այն լեգենդար թիմից արդեն մեզ հետ չեն 7 ֆուտբոլիստներ: Նիկոլայի կորուստը միայն ընտանիքի, ընկերներիս կորուստ չէ, այլ հայ ֆուտբոլասերինը, ով տեսել է, թե ինչպիսի ֆուտբոլիստ էր Կոլյան»,-ասաց նա:

Նիկոլայ Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։ Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր, ֆեդերացիայի առաջին նախագահը մինչև 1994 թվականը։

Ղազարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին:

Նմանատիպ նյութեր