211652_close_icon
views-count90754 դիտում article-date 14:57 05-12-2023

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների դիերը. ժամանել են էրեբունու ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նածարարության ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների թիվ 47 խումբը կանչով մեկնել է էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտանբերել են դիեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս. Երանոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, ավագ քննիչ Ռ. Մուրադյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նշան Թադևոսյանն ու պարեկ Դավիթ Սիրունյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նշված տան բնակիչներ՝ 58-ամյա Աննա Ա.-ի և 60-ամյա Գևորգ Մ.-ի դիերը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները ամուսիններ էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքը՝ անջատված, ծխահեռացման խողովակներն էլ՝ կիսամաշված վիճակում են եղել, ու եթե գազի անվտանգության հատուկ սարքը անջատված չլիներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մահացածները ամուսիններ էին՝ իրենց քրտինքով վաստակող: Երբևէ վատ բան չենք տեսել նրանց կողմից: Հարգանք էին վայելում ոչ միայն բարեկամների, այլ նաև հարևանների շրջանում: Ցավալի է, որ նման բախտի արժանացան՝ իրենց անփութության հետևանքով: Եթե էդ գազի անվտանգության «ճվճվիկը» անջատած չլինեին, հաստատ չէին մահանա: Գազի տեսուչը հաճախակի է ստուգումներ կատարում մեր թաղում, ու չի բացառվում՝ տեսուչի այցից հետո իրենք անջատել են այդ անվտանգության սարքը: Ամեն դեպքում՝ ցավ ենք ապրում, որովհետև իրոք լավ մարդիկ էին, լավ ամուսիններ»:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր