211652_close_icon
views-count811 դիտում article-date 16:51 04-12-2023

Արցախի հետ կապված ցանկացած բան պիտի վերացվի, որ Ալիևն ու Էրդողանը Փաշինյանին «դաբրոն» տան. Հովհաննես Իշխանյան

Անհնար է հայկական Արցախի էջը համարել փակված, քանի որ Արցախը մեր սեփականությունն է, բացի նրանց, որ մեր հայրենիքն է, նախնիների բնակավայրը: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ դիմաց  բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը, ով միացել է «Հայաքվե» նախաձեռնության ակցիային։

Նա ընդգծեց, որ Արցախը մտքից հանել՝  նշանակում է  կամաց-կամաց նույնն անել Հայաստանի հետ. «Այսինքն եթե համակերպվում ենք,  որ Արցախը չկա, կհամակերպվենք, որ Սյունքը չկա, որ կհանձնեն  տարածքներ Տավուշից,  ամբողջությամբ շրջափակման մեջ կվերցնեն ու  հայկական պետականություն առհասարակ կարող ենք չունենալ»,- ասաց Իշխանյանը։

Ըստ նրա, այդ վիճակին չհասնելու, առհասարակ արցախցիներին կրկին Արցախ վերադառնալու հնարավորություն ստեղծելու համար պետք է վերացնել նրանց, որոնք խոչընդոտում են Արցախի համար պայքարին։

«Այդ խոչընդոտը վերացնելու ճանապարհին,  բնականաբար, պետք է Հայաստանում համագործակցային մշակույթ ձևավորվի՝ մեկը մյուսին բարձրացնելու. Դա կլինեն կուսակցությունները, թե քաղաքացիական խմբերը: «Հայաքվեն»  այդ մշակույթը ձևավորողներից մեկն է»,- ասաց Իշխանյանը։

Նրա խոսքով, ԱԺ-ի մեծամասնությունը, կառավարությունը, մեդիաների մեծ մասը լցված են մարդկանցով, որոնք մարդկանց խաբելով եկել են իշխանության՝ Արցախի հիմքով եւ հիմա խաբեբայությամբ փորձում են հանձնել Արցախը. «Այսինքն մի մեծ թշնամական ու սրիկայական ապարատի դեմ պայքարելով «Հայաքվեի» այդ համագործակցային գործողությունները բերել են կարեւոր արդյունքի»,-ասաց նա:

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բվաղուց հիմնված չէ Հայաստանի բնակչության վրա եւ այդ երաշխիքները դրսից ստանալու վրա է հիմնված: Այսինքն ցանկացած բան, որը կապված է Արցախի հետ, պետք է վերացվի, որպեսզի Ալիեւն ու Էրդողանը իրեն «դաբրոն» տան»,- ընդգծեց Իշխանյանը: 

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի Քրեական օրենսգրում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է «Հայաքվեի» նախագիծը, եթե նախագիծը դրական եզրակացություն ստանա, այն կներառվի ԱԺ վաղը սկսվող նիստերի օրակարգում: Այս պահին «ՀայաՔվե» նախաձեռնության կողմնակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ:

Նմանատիպ նյութեր