211652_close_icon
views-count1252 դիտում article-date 17:01 23-11-2023

Արփինե Սարգսյան․ «Այդպիսի բան չկա, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը և նրանք որեւէ միջամտություն չեն ցուցաբերել»

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կապանում պարեկների մասնակցությամբ միջադեպին։ Փոխնախարարն ասաց, որ դեպքից տեղյակ է, պարեկները որեւէ խախտում թույլ չեն տվել։

«Պարեկները ձերբակալել են քաղաքացուն՝ իրավաչափ նպատակներով։ Դեպքը տեղի է ունեցել բակում, հայրն է մոտեցել քաղաքացուն, պարեկները բացատրել են հորը, թե ինչու են ձերբակալում, այնուհետեւ տղային բաժին են տարել։ Հետո հայրը բարձրացել է վերեւ, բաժնում քաղաքացին տեղեկացել է, որ հայրը տանը մահացել է»,-ասաց փոխնախարարը։

Նրա ներկայացմամբ՝ նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունն արդեն դեպքի մանրամասներն ուսումնասիրել է, այդ թվում՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսաձայնագրությունները․ «Դրանով որեւէ խախտում պարեկային ծառայողների կողմից չի արձանագրվել։

Այն տեղեկատվությունը, թե պարեկների աչքի առաջ է տեղի ունեցել մահը եւ նրանք որեւէ միջամտություն չեն ցուցաբերել, այդպիսի բան չի եղել։ Մենք տեսաձայնագրությունները տրամադրելու խնդիր չունենք՝ եթե կլինի ցանկություն»։ Ըստ Սարգսյանի՝ քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին, ուստի նրանք կիրառել են ձերբակալումը որպես հարկադրանքի միջոց։

Արդյոք դեպքը կապված է գույքահարկի վճարի հետ, այս հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ գործով վարույթ է ընթանում․ «Պարեկները գործել են իրավաչափորեն»։

Աղբյուրը՝ Առավոտ

Նմանատիպ նյութեր