Թող որեւէ մեկը հնչեցնի, որ այս մեկ տարվա ընթացքում որեւէ բիզնես եմ բացել, կամ այժմ կապ ունեմ որեւէ բիզնեսի հետ.Հովիկ Աբրահամյան
Ապրիլին կլրանա մեկ տարին, ինչ ես վարչապետ եմ ։ Թող որեւէ մեկը հնչեցնի, որ ես այս ընթացքում, կամ խորհրդարանի նախագահի պաշտոնում որեւէ բիզնես եմ բացել, կամ այժմ կապ ունեմ որեւէ բիզնեսի հետ։ Այնինչ, անհիմն տեղեկություններ են տարածում:
Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ իշխանությունը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել կոռուպցիայի բոլոր հնարավոր փաստերը: Իսկ ապացույցների առկայության դեպքում՝ գլխավոր դատախազությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի:
Ընդգծելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին լուծեն հանրության առջեւ ծառացած խնդիրները, այլ ոչ թե անհիմն խոսակցությունների վրա հիմնվելով բանավիճեն:
Ավելին՝ վարչապետը ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքար մղելիս չենք նայելու անուններին։ «Միասին օրենքի շրջանակներում եւ իրավապահ մարմինների մասնակցությամբ կփորձենք բարձրացնել հարցերը եւ պատժել մեղավորներին: Իհարկե, եթե այդպիսիք լինեն։ Ո՛չ քաղաքական գործիչների եւ ո՛չ էլ բիզնեսմենների անունները հաշվի չենք առնելու։ Մենք ոչ ոքի առաջ պարտական չենք։ Աշխատանքը կլինի արդար եւ թափանցիկ»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ վարչապետի գլխավորությամբ կռոպուցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին մասնակցելու առաջարկ կստանան նաեւ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների մեկական ներկայացուցիչ։