211652_close_icon
views-count1048 դիտում article-date 18:39 21-11-2023

Կարեն Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և Բրենդա Վուկովիչի հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչի հետ։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել մարտահրավերներով լի ժամանակաշրջանում ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի ներքո Հայաստան այցի համար: Հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի կարգավորումներին և Կառավարության կողմից մեկնարկած աջակցության ծրագրերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի գույքի բռնագանձնման ընթացակարգերին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, այդ թվում խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելմանը և գործերի արդյունավետ քննությանը, ինչպես նաև ներկայացվել են դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտների բարելավմանն ուղղված ընթացիկ միջոցառումները։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների կատարման ընթացքին: Այս համատեքստում, արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023թ. ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված ՄԻԵԴ վճիռներով բարձրացված ինստիտուցիոնալ խնդիրների հասցեագրմանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների վերացմանը։

Նմանատիպ նյութեր