211652_close_icon
views-count43668 դիտում article-date 16:46 20-11-2023

Երևանում Reno մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս, ում առաջինը օգնության են հասել գեղեցկության սրահի աշխատակիցները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Սամվել Շ.-ն իր վարած Reno մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող գեղեցկության սրահի աշխատակիցները, ու մինչ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը կգար, նրանք վիրակապել են վիրավորին, որից հետո ժամանած բժիշկները նրան տեղափոխել են Շենգավիթ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահամնազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Բադալյանն ու Նարեկ Հովհաննիսյանը;
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի վայրում բնակվող մեծ թվով քաղաքացիներ ասում էին, որ այս փողոցում բեռնատարների մասնակցությամբ հաճախակի են լինում վրաերթեր ու ավտովթարներ, քանի որ այս նեղլիկ ճանապարհով են բեռնատարները գնում մաքսային պահեստ («Կարգո»), իսկ կառավարությունը եթե բարի կամք դրսևորի, արդեն ժողովրդի կողմից չարաբաստիկ «Կարգո» անունը ստացած հիմնարկը կտեղափոխեն այլ վայր, և այդ ժամանակ հաստատ բեռնատարների մասնակցությամբ վրաերթերի ու վթարների, այդ թվում՝ մահվան թիվը կնվազի:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր