211652_close_icon
views-count979 դիտում article-date 15:37 01-11-2023

Սամվել Բաբայանը եւ Սամվել Շահրամանյանը հրավիրվե՞լ են Քննչական կոմիտե․ Արգիշտի Քյարամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. News.am

Հայաստանում եթե երբեւէ եղել է ընտրովի արդարադատություն, ապա դա վաղուց պատմություն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Եթե կան կոնկրետ, ուղիղ դեպքեր, որոնք ձեզ հետաքրքրում են, ընդ որում, եթե ես ճիշտ հասկացա ձեր վկայակոչած դեպքերի մի մասը դեռեւս քննության փուլում են, մի մասով չեմ բացառում, որ քննությունն ավարտվել է»,- ասաց ՔԿ նախագահը։

Անդրադառնալով ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը հրապարակային արված՝ «ականջդ կկտրեմ», «լեզուդ կկտրեմ» արտահայտություններին եւ հարցին՝ արդյո՞ք դրանք քրեորեն պատժելի չեն, Քյարամյանը խուսափեց հարցին պատասխանելուց․ «Կոնկրետ դեպքի չեմ ուզում անդրադառնալ։ Ես հաստատ կաշկանդված չեմ։ Ես կխնդրեմ, որ կոնկրետ հարցում ուղարկեք, վստահեցնում եմ՝ մանրամասն կներկայացնենք։ Քրեական դատավարության օրենսգրքով պետք է լինի հանցագործության հաղորդում, որը կարող են տալ։ Կարծում եք՝ ես բոլոր գործերին տիրապետո՞ւմ եմ, բացարձակ տեղեկացված չեմ այդ գործի մասին։ Կգնամ, կճշտեմ, կասեմ»։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության հասցեին արված հայտարարություններին, օրինակ այն, որ ընդդիմությանը կուղարկի Բաքու, Վարդաշեն ՔԿՀ եւ այլն, եւ հարցին՝ արդյո՞ք ՔԿ-ն ուսումնասիրել է այդ հայտարարությունը, Քյարամյանն ասաց․ «ՔԿ-ն հայտարարություններ ուսումնասիրելու լիազորություն չունի։ Մենք նախաքննական մարմին ենք, իրականացնում ենք բացառապես նախաքննություններ»։

Հարցին՝ ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվե՞լ են ՔԿ՝ հարցաքննության, Քյարամյանը ոչ հերքեց, ոչ՝ հաստատեց․ «Այդ հարցին չեմ պատասխանի, որովհետեւ կան վարույթներ, որոնցով նախաքննությունը հրապարակման ենթարկման չէ»։

Անդրադառնալով ՔԿ-ում նախաձեռնված Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների առնչությամբ նախաձեռնված վարույթներին՝ Քյարամյանն ասաց․ «Խոսքը վերաբերում է բացառապես էթնիկ զտման համատեքստում հարուցված քրեական գործին, որովհետեւ ՔԿ-ն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ քննություն իրականացնելու իրավասություն չունի։ Կան միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ, օրինակ՝ ագրեսիվ պատերազմ, պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, այդ թվում՝ էթնիկ զտումը, որը ցեղասպանության հանցակազմի տարր է, որը մեր ազգի հետ տեղի ունեցավ, դրա վերաբերյալ կա հարուցված քրեական վարույթ։ Դա վերաբերում է ինչպես մինչեւռազմական գործողությունները տեղի ունեցած իրողություններին, խոսքը 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, եւ այդ կերպ էթնիկ զտման համար նախադրյալներ ստեղծելու, այնպես էլ դրանից հետո ականատես եղանք, որ կարճ ժամանակահատվածում մեր ազգաբնակչության 100 հազար ներկայացուցիչներ լքեցին իրենց բնօրրանը ստիպված լինելով մահվան սպառնալիքի տակ»։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեվարման դեպքերին՝ Քյարամյանն ասաց․ «Քննություն պետք է անենք։ Կան նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերեվարված են, եւ այդ անձանց գերությունը հաստատված է։ Մենք ինտենսիվ զբաղվում ենք, եւ՛ բարձրաստիճան պաշտնոնյաների, եւ՛ ոչ բարձրաստճանի պաշտոնյաների գերեվարման, խոշտանգման եւ ցանկացած հարցերով, որոնք վերաբերում են մարդկության դեմ ուղղված հանցակազմին»։

Դիտարկմանը, որ երբեք ՔԿ նախագահն այդպիսի ուժեղացված անվտանգություն չի ունեցել, ինչպես այժմ իրենն է, եւ հարցին՝ արդյո՞ք իրեն սպառնում են, Քյարամյանն ասաց․ «Ես չեմ հետեւել նախկին նախագահները ինչ անվտանգություն են ունեցել, բայց այս հարցը ես չեմ որոշում։ Ինձ բացարձակ չեն սպառնում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր