211652_close_icon

Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ ներկայացուցչին

views-count1135 դիտում article-date 20:07 12-10-2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են պաշտպանի և պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում:

Պաշտպանի կողմից հատուկ ընդգծվել է նաև բռնի տեղահանված անձանց կարիքների գնահատման և հասցեագրման անհրաժեշտությունը՝ այդ թվում` իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրազեկման աշխատանքների իրականացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատակիր կազմակերպությունների հետ հաղորդակցության վարման և առկա լավագույն փորձի փոխանակման համատեքստում:

Պաշտպանը բռնի տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկման համատեքստում Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացրել Ադրբեջանի՝ պետության տարբեր մակարդակներում դրսևորվող և խրախուսվող հայատյաց քաղաքականության վերաբերյալ փաստեր:

Կողմերը քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ Եվրոպայի խորհրդի հետ ծրագրային համագործակցության հնարավորությունները՝ վերահաստատելով մարդու իրավունքների գերակայության սկզբունքի անխոչընդոտ իրականացման կարևորությունը:

Իր հերթին Լեյլա Քայաջիկը կարևորել է պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման մեջ՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ

Նմանատիպ նյութեր