211652_close_icon
views-count66278 դիտում article-date 17:14 08-10-2023

Կոտայքի մարզի պարեկները իրականացրել են «Հարամ բուղաչան կուլ չի գնա» օպերացիան. պարեկների օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. հայտնաբերվել են անասնաբույժին պատկանող մորթված «Զազո» և «Զոզո» անասունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Գոռ Ավետիսյանն ու  Գրիգոր Մաթևոսյանը ծառայություն կատարելիս են լինում, երբ օպերատիվ տեղեկություն են ստանում, որ Աղվերան գյուղի վարչական տարածքում անասնագողություն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տեղեկության մասին պարեկները հեռախոսակապով հայտնում են գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանին և գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանին և քանի որ պարեկները վստահ էին ստացված օպերատիվ տեղեկությանը, տեղում իրականացվում է «Հարամ բուղաչան կուլ չի գնա» օպերացիան:

Պարեկները, հասնելով Աղվերան, հանգստյան գոտու մոտ հայտնաբերում են Opel և Nissan  մակնիշի ավտոմեքենաներ, ապա մոտ 2 կմ շառավղով պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարում և «Կրիստալ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ գտնվող արոտավայրում՝ մարդկանց տեսադաշտից բավականին հեռու հատվածում, հայտնաբերում են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուններին՝ արդեն մորթված վիճակում: 

Պարեկները դեպքի մասին տեղեկացնում են Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ ժամանում է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Դեպքի վայրում գյուղացիներից մի քանիսը ասում էին. «Անասունները, որ գողացել են, պատկանում են Արզաքան գյուղի անասնաբույժ Խաչիկին ու ստահակները գողացել են նրան պատկանող «Զազո» ու «Զոզո» կովերին, բայց լավ ա՝ իմացանք, որ 2 հատ ջահել պարեկ կարողացել են հայտնաբերել համ էդ ավտոները, որով որ եկել էին անասուններ գողանալու, համ էլ՝ արդեն մորթված «Զազո»-ին ու «Զոզո»-ին: Ախր ոնց չեն հասկանում, որ էդ անտեր հարամ հացը չի ուտվի: Նախկինում էլի ա եղել անասունների գողության դեպքեր, չի բացառվում, որ էս նույն մարդիկ արած լինեն: Ճիշտ է, լսել ենք, որ փախել են, բայց վստահ ենք, ժամերի ընթացքում կհայտնաբերվեն, քանի որ պարեկներն ու Չարենցավանի ոստիկանները ահագին ինֆորմացիա ունեն արդեն»:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են տուժածին, ով Արզաքան գյուղի բնակիչ 37-ամյա Հրաչյա Գրիգորյանն է, ում հայրը գյուղի անասնաբույժն է: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:  

Ավտոմեքենաները ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, և 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Հակոբ Սեկոյանի ուղեկցությամբ  ավտոքարշակի միջոցով տեղափոխվել են Ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշանի տեղեկություններով, գողացված ու մորթված խոշոր եղջերավոր անասունները գնահատվում են 1 մլն 200 հազար դրամ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր